Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը

2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով: 

Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: 

Հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ: 

Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը: 

Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով: 

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն: 

Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել: 

Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը: 

Հիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում: 

Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը: 

Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը: 

 

Քաղաքականություն