ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիներն արդեն 15-20 օր է գալիս ու գնում են. առանց զգուշացնելու նրանց ճանապարհ են տվել դեպի Քարվաճառ
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Ապրես Բեկլարյան հայտնել էր, թե մարտակերտցիները թույլ չեն տվել, որ ադրբեջանական բեռնատարների շարասյունը գնա Քարվաճառ: Նշված օգտատերը հրապարակել էր նաև լուսանկար և տեսանյութ:
Վերոնշյակ գրառումից որոշ ժամանակ անց Բեկլարյանը ներողություն հայտնեց և նշեց. «Երեկ տեղադրած այս նկարի ու տեսանյութի մասին ինձ հաղորդված տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Այստեղ ադրբեջանական շփոթված շարասյունը չի առաջացրել խնդիրներ և չեն եղել ընդհարումներ, իսկ գրառման ու առաջացրած էմոցիաների համար հայտնում եմ իմ ներողությունը»։
Auroranews-ը ավելի լավ հասկանալու համար, թե իրականում ի՞նչ է կատարվել Մարտակերտում՝ կապ հաստատեց Արցախի Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Բախշիյանի հետ: Վերջինս նշեց, որ տարածվող լուրը ապատեղեկատվություն է, իսկ ադրբեջանցիները միշտ էլ ռուս խաղաղապաների ուղեկցությամբ անցել են նշված տարածքով և գնացել Քարվաճառ:
Հարցին, թե ի՞նչ նպատակով են տարածում նման լուրերը, Բախշիյանը նշեց. «Չեմ կարող ասել: Այնքան սուտ բաներ են տարածում, որ չեմ կարող ասել, թե նպատակը որն է»:
Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Գարի Վանյանը նշել է, որ ադրբեջանցիները նշված ճանապարհահատվածից օգտվում են արդեն 15-20 օր, սակայն Մարտակերտի բնակիչները որևէ պաշտոնական աղբյուրից նախապես չեն տեղեկացվել այդ մասին։ Եռակողմ հայտարարության մեջ այդ ճանապարհահատվածի վերաբերյալ նման կետ գոյություն չունի, սակայն, Վանյանի կարծիքով, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի մասին բնակիչները չեն տեղեկացվել։
«Պաշտոնապես ոչ մի նամակ, գրություն չի եղել ո՛չ ԱՀ նախագահի կողմից, ո՛չ այլ կառույցից։ Մենք ևս չենք դիմել ԱՀ նախագահին, կառավարությանը։ Ենթադրում ենք՝ բանավոր պայմանավորվածություն է եղել»,-ասաց Վանյանը։
Նրա խոսքով՝ շուրջ 2 շաբաթ առաջ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակիչները փակել են ճանապարհն ու խաղաղ ակցիա արել՝ նշելով, որ եթե ադրբեջանցիները կարողանում են օգտվել հայկական ճանապարհահատվածից, արցախցիներն էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ օգտվեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհահատվածից ՀՀ, մասնավորապես՝ Վարդենիս հասնելու համար։
«Քաղաքացիներն այդ պահանջը փոխանցել են ռուս խաղաղապահներին, վերջիններս էլ խոստացել են այն ներկայացնել ղեկավարներին։ Օրինակ՝ Մարտակերտի Գետավան համայնքից Վարդենիս հեռավորությունը 60 կմ է, բայց որ այսօր գետավանցին գնա Վարդենիս, 400-500 կմ ճանապարհ պետք է անցնի։ Եթե ադրբեջանցուն կարելի է, մեր համայնքների միջով անցնելով, գնալ Քարվաճառ, մեր բնակիչներն էլ ուզում են այդ ճանապարհով հասնել ՀՀ»,-նշեց Վանյանը։