
Երևան - Մեղրի ճանապարհին արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա, 12–ը`բախվել. ԱԻՆ

Երևան - Մեղրի ավտոճանապարհի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա, 12 ավտոմեքենա բախվել են և մեկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա մոտ 30 մ սահել ձորը․ երթևեկությունը երկկողմանի փակվել է: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես հունվարի 19-ին, ժամը 18:14-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան - Զանգեր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ջրատարում․տուժածներ չկան։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և հենակետից մեկական մարտական հաշվարկ։
«Հրշեջ-փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ուժերով արգելափակումից դուրս են բերել 20 մարդատար և 5 բեռնատար ավտոմեքենա․երթևեկությունը միակողմանի վերականգնվել է։ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը Մ-2 ավտոճանապարհի Երևան - Մեղրի հատվածի 165-րդ կմ-ին գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել է հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետ։Այնուհետև հրշեջ-փրկարարները ևս 4 քաղաքացու տեղափոխել են հենակետ՝ գիշերակացի»,–նշված է հաղորդագրության մեջ։