Դիմում եմ ներկայացրել վարչապետին, որ ինձ ազատի ՊՎԾ ղեկավարի պաշտոնից. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Պետական վերահսկողկան ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվելու համար:
«Սիրելի՛ հայրենակիցներ, շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը։
Վաղուց կայացրել եմ ինձ համար դժվար մի որոշում, բայց հաշվի եմ առել հետպատերազմյա ցնցումներից բխող վտանգները և հետաձգել եմ այն, որպեսզի չմեծացնեմ նախորդ ռեժիմի ներկայացուցիչների վերադառնալու հնարավորությունները։ Անկախ այն բանից, որ իմ հանդեպ սխալ է արվել, չեմ արել մի քայլ, որ իմ պատճառով ձախողվի հեղափոխության արդյունքում ձևավորված և ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը։
Ավելին՝ լեգիտիմ իշխանությանը ճգնաժամային իրավիճակներում միշտ սատարել եմ։ Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով այս ընթացքում չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ և ներկայացնել տարբեր հարցերում տեսակետներս, անհամաձայնություններս, որի փորձն արել եմ նաև հրադադարից անմիջապես հետո։
Ուստի այսօր դիմում եմ ներկայացրել վարչապետ Փաշինյանին, որ ինձ ազատի Պետական վերահսկողկան ծառայության ղեկավարի պաշտոնից։
Հայրենակիցնե՛ր, պատերազմից հետո ստեղծված կառավարման և քաղաքական ճգնաժամերից դուրս գալու հիմնականում երկու արհեստական ընտրության առաջ եք կանգնած. սատարել փողոցում բողոքի ակցիաներ իրականացնող նախկին ռեժիմի ներկայացուցիչներին (որոնց մեծ մասին մերժել ենք միասնականորեն) և ներկա կառավարությանը, որն այդպես էլ տարբեր պատճառներով չկարողացավ իրականացնել հեղափոխության, ապաև՝ ընտրությունների ժամանակ տված խոստումների մեծ մասը։
Ձեր մեծամասնությունը, ներկա իշխանություններից դժգոհ լինելով հանդերձ, չի մասնակցել նախկինների կազմակերպած փողոցային պայքարին, կամ սատարում է ներկա կառավարությանը միայն նրա համար, որ չմեծացնի նախորդների ռևանշի շանսերը։ Իսկ քաղաքական այսպիսի ստատուս քվոն հղի է պետության անվտանգության սպառնալիքներով և հանդիսանում է զարգացման իրական խոչընդոտ։
Ուստի, հայտարարում եմ, որ համախոհ ընկերների հետ նախաձեռնում ենք նոր քաղաքական գործընթաց և առաջիկայում կներկայացնենք ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման մեր բանաձևերը։ Ծառայել եմ, ծառայում եմ և ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Սանասարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Էրդողանը հայտարարել է Ղարաբաղում կյանքի պայմաններ ստեղծելու մտադրության մասին, սակայն առանց խաղաղապահների
Թուրքիան ցանկանում է համակեցության պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության, հայտար...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մի շարք մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...