Վշտից նեղված խեղճ ու կրակ ծնողին են ձերբակալում. նույն հաջողությամբ պետք է դատվեն այն մարդիկ, որոնք ծնողին հասցրին այդ վիճակին. Արսեն Ղուկասյան

Ողջ մնացած զինվորներին որոնող խմբերին Կարմիր շուկայի մոտից հետ են ուղարկել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արսեն Ղուկասյանը, ում եղբորորդին համարվում է անհետ կորած, իսկ եղբոր մարմինը հայտնաբերվել է 2020 թվականի դեկտեմբերին։

Ղուկասյանը հայտնեց, որ այսօր պետք է փրկարարաորոնողական աշխատանքներ իրականացվեին Հադրութի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Թալիշի տարածքում, մեկնել է երկու խումբ, սակայն Կարմիր շուկայից հետ են ուղարկել՝ պատճառաբանելով մառախուղը, իսկ դիակների որոնողական աշխատանքներն իրականացվել են։

Ղուկասյանն անդրադարձավ նաև օրեր առաջ ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպին, մասնավորապես, անհետ կորած զինվորների ծնողներից մեկը ՊՆ շենքի դարպասների ուղղությամբ վարել է ավտոմեքենան, կոտրել դարպասները։ Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ զինվորի հայրը ձերբակալվել է։ Ղուկասյանը դիմելով իրավապահներին հայտարարեց, որ զինվորի հոր նման քայլի գնալու պատճառը իշխանություններն են , զինվորականները, որոնք ծնողին հասցրել են այդ վիճակին։

«Եթե ինչ- որ մեկին կալանքի եք վերցնում, վերցրեք, հարց չկա, բայց պետք է նույն հաջողությամբ դատվեն նաև այն մարդիկ, որոնք ծնողին հասցրին այդ վիճակին։ Բա մի հատ իրանց բռնեք դատեք, երկու ամիս է ճղում ենք մեզ, որ մեկին եք 72 ժամով գոնե ձերբակալել։ Թե՞ խեղճ ու կրակ ծնող էր, վշտից այնքան նեղված, որ արդեն դիմել է այդ քայլին»,- նշեց Ղուկասյանը՝ հավելելով, որ դա դեռ «ծաղիկներ» են և ավելի վատ կարող է լինել։

«Այդ ամենի մեղավորը դուք եք, երեք ամիս է մարդիկ ձեր դռներից այն կողմ չեն գնում»,- նշեց Ղուկասյանը՝ հավելելով, որ մոռանում են, որ զավակ կորցրած, հարազատ կորցրած ծնողից այն կողմ վատ բան չկա։