Քաղաքականություն

ՍԴ-ն ընտրությունների վիճարկման գործով պահանջել է տեղեկություններ ԿԸՀ-ից և ԱԱԾ-ից

ՍԴ-ն ընտրությունների վիճարկման գործով պահանջել է տեղեկություններ ԿԸՀ-ից և ԱԱԾ-ից

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը՝ տեղեկություններ և նյութեր պահանջելու վերաբերյալ, հաղորդում է Փաստինֆոն:



ՍԴ աշխատակարգային որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջվել է մինչև հունիսի 24-ը՝ ժամը 18։00-ն, ներկայացնել 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած այն անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները, որոնց տվյալները և քվեարկության վայրը պահվել են գաղտնի, և որոնց թիվը կազմել է 16.738։



Նաև պահանջվել է տեղեկություն այն մասին, թե քանի անձ է ժամանակավորապես հանվել ընտրական ցուցակներից բնակության վայրի հաշվառումից, նրանցից քանիսն են եղել 18–23 տարեկան, ինչպես նաև ինչ իրավական, տեխնիկական և վերահսկողական մեխանիզմներ են գործել՝ բացառելու կրկնակի քվեարկության հնարավորությունը։



Մեկ այլ որոշմամբ ՍԴ-ն պահանջել է պարզաբանումներ նաև քվեարկության կտրոնների ձևավորման գործընթացի վերաբերյալ՝ կապված այն դեպքերի հետ, երբ ընտրողի տվյալները մուտքագրվել են ձեռքով։ Դատարանը հետաքրքրվել է՝ ինչ հիմքերով է իրականացվել նման գործընթացը, ինչ փաստաթղթերով է այն ապահովվել և ինչ վերահսկողական մեխանիզմներ են գործել հնարավոր խախտումները բացառելու համար։



Բացի այդ, ՍԴ-ն սեփական նախաձեռնությամբ ԱԱԾ-ից պահանջել է տվյալներ ՀՀ սահմանը հատած քաղաքացիների վերաբերյալ՝ տարբեր ժամանակահատվածներով բաժանված հաշվարկներով։ Պահանջվում են նաև համադրական տվյալներ՝ 2025 և 2026 թվականների նույն ժամանակահատվածների համար՝ ՀՀ մուտք գործած և երկրից դուրս եկած 18 տարին լրացած քաղաքացիների թվերի վերաբերյալ։


Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ՍԴ է մուտքագրվել 7 դիմում՝ 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Դիմումները ներկայացրել են ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։



«Ուժեղ Հայաստան» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ որպես այլընտրանք՝ նշանակել երկրորդ փուլ։ ՍԴ-ն միավորել է գործերը մեկ վարույթում, իսկ դատաքննությունը նշանակվել է հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250