Ինչպես է «Զինվորի բաժին» գրությամբ բաստուրման հայտնվել Կրասնոյարսկում. պարզաբանում

Համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ «Զինվորի բաժին» գրությամբ հայկական բաստուրման, որը նախատեսված է բանակի համար, զարտուղի ճանապարհներով հայտնվել է ռուսաստանյան շուկայում, մասնավորապես, Կրասնոյարսկի խանութում: Ահազանգողը «Սպիտակ արջ» տելեգրամ-ալիքն էր:

Քանի որ կոնկրետ այս դեպքում Կրասնոյարսկի խանութում հայտնված բաստուրման «Բայազետ» ընկերության արտադրանքն էր, մենք փորձեցինք հենց արտադրողից պարզել, թե իրականում ինչպես էր այն հայտնվել Ռուսաստանում, եթե նախատեսված էր միայն բանակի համար:

Ընկերության տնօրեն Հարություն Կրպեյանը analitik.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Իրականում մենք նման մակնշմամբ արտադրանք ունեցել ենք 2018-ից առաջ, երբ ՊՆ-ն պետգնման ընթացակարգով մրցույթ էր հայտարարում ու գնում մսամթերք՝ բաստուրմա, սուջուխ, երշիկեղեն:

Պիտակ ենք ունեցել, որ մակնշման վրա նշված է եղել՝ «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ»:

Բայց 2018 թվականից մինչեւ 2020-ը այլեւս որեւէ տենդերի չենք մասնակցել, քանի որ ՊՆ-ն տենդեր չի հայտարարել:

Բանակում սննդի մատակարարման համակարգը, ինչպես գիտեք, փոխվել է: Հիմա բանակն արդեն սննդի մատակարարումը զինվորներին ու զորամասերին իրականացնում է ճաշարանների միջոցով»:

Ստացվում է, որ եթե նույնիսկ «Զինվորի բաժին» սնունդը հասել է Ռուսաստան ու հանվել վաճառքի, դա վստահաբար վերջին 2 տարիների խնդիր չէ :

Հարություն Կրպեյանն ընդգծեց, որ տարածված լուսանկարում չի երեւում արտադրանքի ժամկետը՝ տվյալ բաստուրման արտադրվել է 2018-ի՞ն, թե՞ դրանից հետո:

Բայց նաեւ չի բացառում, որ իրենց արտադրանքի վրա թյուրիմացաբար աշխատակիցները փակցրած լինեն տվյալ պիտակները, քանի որ այդ պիտակներից արտադրամասում մնացած է եղել 2018-ից:

Հնարավոր է՝ չեն նկատել ու փակցրել են հին տարբերակը, դրանք իրարից չնչին են տարբերվում:

Հարություն Կրպեյանի խոսքով՝ «Մենք բարեխիղճ արտադրող ենք ու մեզ համար շատ կարեւոր է սպառողի գնահատականը: Մենք բիզնես աշխարհում ենք, ուզում ենք աշխատել մաքուր մրցակցային դաշտում ու մեր տեղն ու դերն ունենալ մեր երկրի տնտեսության զարգացման գործում: Խնդրում ենք, որ մեզ չներքաշեն քաղաքական տարբեր «խաղերի», «ֆեյք» լուրերի մեջ, մենք դրանցից հեռու ենք:

«Բայազետ» ընկերությունը երբեւէ քաղաքական գործունեության մեջ ներգրաված չի եղել ու չի կարող լինել: Ամեն մեկս պետք է լինենք մեր տեղում ու մեր գործն անենք բարեխիղճ:

Կոնկրետ մեր առաքելությունը, մեր նպատակն այն է, որ մեր սպառողին մատուցենք որակյալ ու մատչելի արտադրանք:

Առանց այդ էլ համավարակը, տնտեսական ճգնաժամը հայրենական արտադրությանը մեծ վնաս է տալիս, երկրում քաղաքական անկայուն վիճակ է լինում, անմիջապես ազդում է տնտեսության վրա ու այսպիսի անիմաստ անհեթեթ թեմաներով հարվածի տակ է դրվում արտադրողի՝ տարիներով ձեռք բերած վարկը:

Մենք Կոտայքի մարզում աշխատատեղեր ենք ապահովում բնակիչներին, մենք ուզում ենք զարգացնել մեր բիզնեսը ու նոր աշխատատեղեր ստեղծել գործազրկության այս պայմաններում:

Մեր ընկերությունը եղել եւ մնում է ապաքաղաքական՝ փորձելով մեր ազգաբնակչությանը մատուցել որակյալ սնունդ ու որակյալ մսամթերք»:

 

 


  •