Պատերազմը դադարեցնելու հայտարարությունը ստորագրվել է՝ հաշվի առնելով հետագա զարգացումների ռիսկերն ու վտանգները. Ավինյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության տակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի, իրավիճակին տիրապետող այլ մարմինների ղեկավարների հետ քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով հետագա զարգացումների ռիսկերն ու վտանգները: Ավինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերության եթերում:
«Այն հայտարարությունը, որ համաձայնեցվել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև, ստորագրվել է մի պարզ պատճառով, և այդ պատճառներին անդրադառնալու համար ես չեմ անդրադառնա արցախյան հակամարտության 30-ամյա դիվանագիտական և ռազմական բոլոր խնդիրներին: Ես կսկսեմ այն կետից, որ կետից սկսվեց պատերազմը: Սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին սկսեց հրթիռային և հրետանային հարվածների ենթարկել ամբողջ առաջնագիծը, Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և վարչապետը Ազգային ժողովում շատ հստակ արձանագրեց, որ նախկինում բանակցված բոլոր փաստաթղթերով, առաջարկվող բոլոր լուծումներով իրեն առաջարկվում է մի տարբերակ՝ առանց նախապայմանների 7 տարածքների վերադարձ: Կարծում եմ երեք խմբակցությունների կողմից էլ այդ առաջարկը մերժվեց, ընտրեցինք պատերազմելու ճանապարհը, արժանապատվորեն պատերազմելու ճանապարհը: Եվ ուզում եմ արձանագրել, որ 40 և ավելի օրերի ընթացքում անհամաչափ, անհամեմատելի ուժերի դեմ հայոց բանակը իրապես հերոսական կռիվներ է մղել: Ճակատում որևէ կետ չի եղել, որ հարաբերական հանգիստ լիներ, 100 քառակուսի մետր տարածություն չի եղել, որ հրետանային կամ հրթիռների հարվածների չի ենթարկվել»,- մանրամասնեց Ավինյանը:
Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, այս օրերի ռազմական գործողությունների տրամաբանությունը բերեց մի հանգրվանի, որտեղ կար վտանգ Ստեփանակերտի նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման և կազմակերպվում էր Ստեփանակերտի պաշտպանությունը, որը իր հետևից կբերեր այլ պոտենցիալ խնդիրների Մարտունու շրջանում, Ասկերանի շրջանում և ռազմաճակատի մնացած հատվածներում: Սա ցավալի և կարելի է ասել պարտադրված որոշում էր, որը վարչապետը կայացրել է, խորապես քննարկելով և գլխավոր շտաբի պետի հետ և ՊՆ նախարարի հետ, Արցախի նախագահի հետ, այլ մարմինների ղեկավարների հետ, որոնք տիրապետում էին իրավիճակին: Այս որոշումը չի կայացվել հապճեպ, այնուամենայնիվ, այս որոշումը կայացվել է հետագա զարգացումների բոլոր վտանգներն ու ռիսկերը գնահատելով: Մենք պետք է գիտակցենք, որ այն ուժը, որին հայոց բանակը դիմակայել է, չի եղել միայն Ադրբեջանը: Դա եղել է թուրքական հրամկազմը, դա եղել են բերված ահաբեկիչները և անթիվ անսահման, զրահատեսակները, որոնք ուղղակի թափվել են Արցախի գլխին»,- նշեց Տիգրան Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...