Սոցապ նախարարությունը համագործացում է ՄԻՊ-ի հետ. Բաթոյանը չգիտի,թե ինչու է Թաթոյանը չհամագործակցելու մասին հայտարարություն արել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործացում է ՄԻՊ-ի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությանը:

«Չգիտեմ՝ ինչու է նման բան ասել», - նշեց Բաթոյանը:

Նրա խոսքով՝ իրենք համագործակցել են կառույցի հետ, ինչպես բոլոր պետական մարմինները, ընդ որում, ավելի սերտորեն են համագործակցում, որովհետև հատկապես քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից իրենք ավելի ընդհանուր եզրեր ունեն:

Չհամագործակցելու մասին հայտարարությունը, նախարարի խոսքով, իրականությանը չի համապատասխանում:
Դիմելո՞ւ է քայլերի, թե՞ ոչ, Զարուհի Բաթոյանն ասաց, որ հիմա չի կարող մեկնաբանել: 

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը օրերս ֆեյսբուքյան գրառում էր արել, որում նշել էր. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ»: