
«Ստեփանակերտը բեկորներով լի է. թիրախի տակ է ամեն ինչ». Արսեն Թորոսյանը ներկայացրեց իրավիճակը

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ունենք սրված ռազմական իրավիճակ Արցախի տարածքում, որի պատճառով ունենք բազմաթիվ զոհեր վիրավորներ, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Միասնական տեղեկատվկան հարթակում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ես երեկ ուշ երեկոյան եմ վերադարձել Ստեփանակերտից, դա իմ երրորդ այցն էր: Ստեփանակերտը ամբողջությամբ գտնվում էր ռմբակոծության տակ: Որեւէ տարբերություն չկար այդ ռմբակոծության թիրախների առումով. Դրանք թե ռազմական, թե քաղաքացիական օբյեկտներն էին, հատկապես ենթակառուցվածքային, ինչը փաստացի խափանում է բնակչության բնականոն կյանքը:
Ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը, ինչպես նաեւ ՀՀ-ից օգնության հասած մեր գործընկերները, փաստացի երբեմն զրկված են լինում կարիք մեջ հայտնված մարդկանց օգնություն ցույց տալուց, որովհետեւ Ստեփանակերտը կամ այլ քաղաքները գտնվում են ռմբակոծության տակ եւ նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել քաղաքացիներին, որոնք այդ օգնության կարիքն ունեն:
Ինքս եմ ականատես եղել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին: Այնքան մոտ, որ հիվնդանոցը դղրդաց: Նույն հաջողությամբ հարվածը կարող էր լինել հենց հիվանդանոցին»,-ասաց նա:
Թորոսյանը նկատեց, որ բժշկական անձնակազմի մոտ այնպիսի տպավորություն, որ չի բացառվում, որ ուղիղ հարված լինի բժշկական ենթակառուցվածքին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն:
Արսեն Թորոսյանը ցույց տվեց հրթիռի կտոր՝ նշելով, որ ամբողջ Ստեփանակերտը այսպիսի բեկորներով լի է: «Թիրախի տակ է ամեն ինչ: Քաղաքում ականատես ես լինում քանդված բնակելի շենքեր, հողին հավասարեցված տարբեր ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչն անթույլատրելի է, հատկապես արգելված զինատեսակների օգտանործմամբ:
Չնայած այս ամենին, մենք մեր հայրենակիցների կողիքն ուժեղ կանգնած ենք, ամբողջ Հայաստանի ու Արցախի բժշկական հանրությունն իր մյուս գործերը թողած զբաղվում է մեր վիրավորների բուժմամբ, տարհանմամբ: Գորիսը ամենահիմնական տարանցիկ կետն է այդ գործում: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք եւ հաղթելու ենք»: