Եվրոպան թանկ է վճարում շոգի համար․ տնտեսությանը՝ €180 մլրդ հարված
Այս տարվա անոմալ շոգ ամառը Եվրամիության տնտեսության համար կարժենա շուրջ 180 միլիարդ եվրո, ինչը կազմում է ՀՆԱ-ի մոտ 1%-ը։
Նոր վերլուծության համաձայն՝ նշված գումարը հավասարազոր է այն ամբողջ տնտեսական աճին, որը դաշինքը նախատեսել էր ապահովել 2026 թվականին։ Triodos Bank-ի ուսումնասիրության տվյալներով՝ Ֆրանսիան կարող է կորցնել աճի 1,4 տոկոսային կետ, ինչի հետևանքով նրա տնտեսությունը կարող է կրճատվել 0,6%-ով։ Նիդեռլանդներում 0,8 կետի անկումը գրեթե ամբողջությամբ չեղարկելու է տնտեսության սպասվող ընդլայնումը։
Փորձագետները նշում են, որ ծայրահեղ շոգի պայմաններում աշխատելու դժվարությունները դառնալու են տնտեսության գլխավոր արգելակող գործոնը։ Նրանց գնահատմամբ՝ աշխատանքի արտադրողականության կորուստը կարող է Եվրամիության ՀՆԱ-ից խլել մոտ 0,6%։ Տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրությունը հնարավոր է կրճատվի 3–7%-ով։ Այսպես, տեղումների պակասի պատճառով Ավստրիայի ագրոսեկտորին երաշտը արդեն հասցրել է մոտ 1 միլիարդ եվրոյի վնաս։
Դանուբ և Ռեյն գետերում ջրի ցածր մակարդակի պատճառով սահմանափակվել է հունգարական «Պակշ» ԱԷԿ-ի աշխատանքը, Ռումինիան ստիպված է եղել պայթեցնել ժայռեր՝ ջուրը դեպի ռեակտոր ուղղելու համար, ինչպես նաև սահմանափակվել է գետային նավերի բեռնվածությունը։ Հունիսի կեսերից մինչև հուլիսի սկիզբ ձգված ռեկորդային շոգի ալիքի ընթացքում ամենաշատ տուժած եվրոպական վեց երկրներում գրանցվել է առնվազն 14 հազար հավելուրդային մահ։ Ամառը դեռ չի ավարտվել, և այս շաբաթ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պատրաստվում են սեզոնի հինգերորդ շոգի ալիքին. Ֆրանսիայի հարավ-արևելքում ջերմաստիճանը մոտենում է 40°C-ի, իսկ Մեծ Բրիտանիայում կանխատեսվում է մինչև 36°C։ Triodos Bank-ի վերլուծաբանները կոչ են անում ընթացիկ ամառը չդիտարկել որպես մեկանգամյա անոմալ դեպք՝ նախազգուշացնելով, որ ծայրահեղ շոգը կարող է դառնալ «կառուցվածքային երևույթ»։ Փորձագետների կարծիքով՝ պետությունները կարող են մեղմել վնասը ոռոգման, շենքերի մեկուսացման, հովացման համակարգերի և աշխատանքային ժամանակացույցի ճշգրտման մեջ ներդրումներ անելու միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում լոլիկի բերքատվությունը կհասնի մինչև 41 տոննայի՝ մեկ հեկտարից
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների, ինչպես նաև դիտարկված եղանակային պայմանների վերլուծության հիման վրա՝ 2026...
Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել
Եվրասիական տնտեսական խորհրդի որոշման համաձայն՝ Հայաստանին 2026 թվականի համար հատկացվել է էլեկտրոմոբիլների 5,000 միավորի...
«Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հա...
Խոշոր հարկ վճարողները բյուջե են փոխանցել ռեկորդային՝ ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակում առաջին 1000 խոշոր հարկ վճարո...