Մենք պետք է աշխարհին ցույց տանք ադրբեջանական հարձակումների քաղաքական նենգ բնույթը․ ՄԻՊ

Ցավոք, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, բացի զինվորականներից, սպանվածներ և վիրավորներ ունենք խաղաղ բնակչության շրջանում։ Ցավակցում են նրանց հարազատներին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ 

Նա նշեց, որ վերջին օրերին Պաշտպանի աշխատանքը եղել է խիստ թիրախային, նպատակը՝ պարզել հարձակումների տրամաբանությունը, քանի որ սա ուղիղ առնչվում է մարդու կյանքի, առողջության իրավունքների հետ։

«Մենք պետք է աշխարհին ցույց տանք այդ հարձակումների քաղաքական նենգ բնույթը, որն ակնհայտ էթնիկ զտման նպատակ ունի»,- ընդգծեց Պաշտպանը։

Ա․Թաթոյանն ասաց, որ հակառակորդը քաղաքացիական ենթակառուցվածներին հարվածում են մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներով, ինչը ցույց է տալիս, որ քաղաքացիական բնակչությունը միտումնավոր է թիրախավորում։

Նրա խոսքով՝ այդ զինատեսակներով թիրախավորվում են խիտ բնակեցված բնակավայրերը, օրինակ՝ Ստեփանակերտը և Հադրութը։ 

ՄԻՊ-ի հավաստմամբ՝ բոլոր ապացույցներն ուղարկվելու են միջազգային կառույցներին։ 

«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարվածները լինում են երեկոյան ժամերին, երբ մարդիկ տանն են, կամ նույնիսկ քնած են։ Այդ հարձակումների նպատակն է խաղաղ բնակչությանը պատճառել առավելագույն վնաս։ Խոսքը և Արցախում, և Հայաստանում հրթիռակոծության մասին է»,- նշեց նա։

Անդրադառնալով վարձկանների ներգրավվածությանը մարտական գործողություններին՝ Թաթոյանն ասաց, որ դա արդեն միջազգայնորեն ապացուցված փաստ է, հանցագործություն է, և այդ ռեսուրսն օգտագործած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ 

Քաղաքականություն