Ադրբեջանական և թուրքական հրթիռները ոչնչացնում են մարդկանց և քաղաքացիական կառույցները.Սերժ Թանկյան

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրետակոծությանը։

 

«Ես այս գեղեցիկ քաղաքում երկու անգամ եմ եղել, վերջին անգամ՝ 2017 թվականին։ Ադրբեջանական և թուրքական հրթիռները ոչնչացնում են մարդկանց և քաղաքացիական կառույցները․ սրանք վախկոտ ռազմական հանցագործությունների ակտեր են, քանի որ նրանք հուսահատության մեջ են ընկնում»,- գրել է երաժիշտը։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

 

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Քաղաքականություն