Սերժ Սարգսյանի ասուլիսն ասուլիս էր ոչնչի մասին. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին. նա ապրիլյան գործողությունների մասին ոչինչ չի խոսել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե Պաշտպանության նախարարը համարում է, որ ապրիլյան գործողություններին հաղթանակ ենք տարել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Մեր առաջնագծի զինվորները կրել են հաղթանակ,  ես ասում եմ վերջնամասում Ապրիլյան գործողություններն իրենցից ի՞նչ էին ներկայացնում, եւ մենք ի՞նչ ունեցանք: Բացեք զինվորական բացատրական բառարանը եւ կարդացեք` ի՞նչ է նշանակում հաղթանակ: Այնտեղ հստակ ձեւակերպված է: Դուք իմ եզրակացությունները կկարդաք՝ հիմնավորված, փաստարկված, թե հաղթանակները եւ բացթողումները որտե՞ղ էին, եւ վերջնամասում ամբողջը ինչ էր՝ Ադրբեջանը իր առջեւ դրած խնդիրը լուծել է, թե չի լուծել, կամ մենք մեր առջեւ դրած խնդրի որ մասն ենք լուծել»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ապրիլյան գործողությունների հետեւանքով զոհվածների հարազատները կասկած ունեն, թե իրենց երեխաները կարող էին նաեւ մահացած չլինել. «Կան ստեղծված բազմաթիվ քննիչ հանձնաժողովներ, բայց սպասում եք սրան, որովհետեւ սրան սպասում են շատերը, որովհետեւ սա վերաբերում է մեր երկրի անվտանգությանը։ Ո՞վ կարող է այս թեմայով իր խիղճը ծախի ու ինչ-որ բաներ թաքցնի։ ՀՀ-ում խիղճ ծախելու թեման մնացել է անցյալում»։

Հարցին՝ արդյոք զեկույցից հետո քրեական գործեր հարուցվե՞լու է, Քոչարյանն ասաց. «Մենք քննչական մարմին չենք, բայց զեկույցը հնարավորություն է տալու նաեւ եթե կան թերացումներ, իսկ թերացումներ կան եւ կոնկրետ մարդիկ են, որոնք թերացել են եւ դա հետեւանք է ունեցել եւ բնականաբար կլինեն նաեւ այլ մարմինների համար ուսումնասիրման եւ որոշումներ կայացնելու անրաժեշտություն»։

Անդրադառնալով Արցախի հակամարտության հարցի կարգավորման գործընթացին եւ լրագրողի դիտարկմանը, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ եկեք պատրաստվենք պատերազմի, բանակցություններ չեն լինելու, որովհետեւ հակառակորդը դրան պատակադրված չէ, եւ վարչապետ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Արցախի հակամարտության հարցը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով եւ հարցին՝ արդյոք նշված հայտարարություններում կա՞ն հակասություններ, Քոչարյանն ասաց.

«Ես  վերջին երկու ամսում երկու անգամ եղա Արցախում եւ կարող եմ վստահ արձանագրել, որ Ացախի եւ Հայաստանի իշխանությունները շատ լուրջ են տրամադրված մեր անվտանգային համակարգի կարողությունների ամենօրյա ավելացման խնդրի լուծմամբ։

Եթե մենք այսօր էլ ունենք խաղաղության դրսեւորում դա խոսում է այն մասին, որ հակառակորդը տեսնում է բանակում տեղի ունեցող փոփոխությունները»։

Անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  համաներման առաջարկ ներկայացնելուն՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես, Մխիթար Հայրապետյանը եւ Արման Բաբաջանյանը վաղը շրջանառության մեջ ենք դնելու օրենքների փոփոխությունների այն փաթեթը, որը տալիս է վերջնական իրավակարգավորում այդ խնդրի լուծմանը։ Մարուքյանը կարող է դիմել ՀՀ նախագահին, ասի՝ համաներենք, այդ դեպքում պետք է հիմնավորի, թե ինչն է համաներում»։

Քաղաքականություն

Պատահարներ