«ԱՄՆ-ում տեղի ունեցողը հասարակական երկրաշարժ է՝ հետցնցնումներով և ավերածություններով». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին ամիսներին ԱՄՆ-ում տեղի են ունենում ոչ թե հանրային դժգոհություններ կամ հուզումներ, այլ խորքային պրոցեսներ՝ ցնցումներ, որոնք կարող են խմբագրել ամերիկյան հասարակության դիմագիծը, արժեհամակարգը, նույնիսկ խմբագրել և վերաարժևորել ամերիկյան պատմությունը` ընդհուպ բերելով պատմական դեպքերի և դերակատարների վերաիմաստավորման (դիցուկ` Կոլումբոսի և Վաշինգթոնի վերաբերյալ դիսկուրսը):

 

Սա լոկ հասարակական տրամադրությունների և ընկալումերի փոփոխություն չէ, սա հասարակական երկրաշարժ է՝ ուղղահայաց և հորիզոնական ցնցումներով, հետցնցնումներով և ավերածություններով, որոնք էապես խմբագրելու են այն Ամերիկան, որը մենք ճանաչում ենք:

Այս ցնցումների պատճառները նոր չեն, սակայն խթանող ուժերը, հանգամանքներն ու հրահրող տեխնոլոգիաները` այդ թվում դրսից, նոր են: Այո՛, այս ամենի հետևում կանգնած են նաև ուժեր, ֆինանսավորողներ և աջակիցներ ամենատարբեր տեղերից:

Ակտիվ և ագրեսիվ խմբերի կարծիքին հակադրվելը (նույնիսկ, եթե դրանք փոքրամասնություն են) դարձել է վտանգավոր և գլոբալ անհանդուրժողականությունը, որ պարուրել է այս հասարակությունը, պառակտիչ է: Մի խումբ քաղաքական գործիչներ, չցանկանալով հակադարձել բարձրագոռ հատվածի կարծիքներին, դարձել են այս խմբերի մոլի պաշտպանները, իսկ մյուս խումբն էլ պնդում է, որ Ամերիկայում կա լուռ մեծամասնություն, որը հակադիր է բարձրագոռ փոքրամասնությանը:

 

Հնարավոր պատճառներ

Առաջին պատճառը հասարակական այն ճգնաժամն է, որը հասել է իր պիկին ատելության և անհանդուրժողականության քաղաքական քարոզի ֆոնին, որն իրականացվում է քաղաքական հոսանքների կողմից (վախի և անպաշտպանության զգացմունքի լավագույն ցուցիչ է հրազենի վաճառքի ռեկորդային աճը):

Ատելության ֆոնն առավել զգայուն դարձավ Թրամփի ընտրվելուց հետո: Թրամփը կմնա պատմության մեջ որպես ամենաթիրախավորված, ամենաքննադատված և հանրության մի հատվածի համար ամենաանընդունելի նախագահը: Ամերիկացիները Թրամփին կա՛մ ատում են, կա՛մ երկրպագում: Միջին վերաբերմունքը բավականին փոքր թիվ է կազմում:

Համաճարակի պատճառով տնտեսական և բարոյահոգեբանական ճգնաժամի առաջ էին կանգնած աղքատ և միջին խավը, որը ԱՄՆ բնակչության հիմնական մասն է կազմում։ Չմոռանանք, որ ԱՄՆ հարստության 99%-ը կենտրոնացած է ԱՄՆ բնակչության 1%-ի ձեռքերում։ Ամիսներով տանը մնալով և չաշխատելով` հանրությունը դարձել էր առավել զգայուն և դեպրեսիվ և փոքր խայծը դարձավ մեծ հրդեհի պատճառ:

 

Այսինքն, աֆրոամերիկացի Ֆլոյդի մահը ոչ թե պատճառ էր այլ հարուցիչ, հրահրիչ, դրդիչ հանգամանք, որպեսզի կուտակված էներգիան պայթյուն առաջացնի (չմոռանանք, որ ԱՄՆ ոստիկանությունը տարեկան 1200-1500 քաղաքացի է գնդակահարում և սևամորթներն այս ցուցակում մեծամասնություն չեն) ինչևէ, այդ պայթյունը եղավ, որի կրակի վրա ձեռքեր են տաքացնում տարատեսակ քաղաքական և հասարակական հոսանքներ (օրինակ` Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող Defund the Police շարժումը): Իսկ ռասայական և ընդհանրապես «խտրականություն» երևույթն ԱՄՆ ամենամեծ խնդիրներից է հարյուրամյակներ շարունակ։

Հիմա հասարակության մի մասի համար դժվար է արտահայտել անձնական կարծիք՝ քարկոծվելու վտանգից ելնելով։ Ըստ որոշ պնդումների` լուռ մեծամասնությունը համաձայն չէ բարձրագոռ փոքրամասնության կամքին կամ չի ցանկանում հանրորեն արտահայտել անհամաձայնությունը՝ անարգանքի սյունին չգամվելու հեռանկարից խուսափելու համար, բայց այդ մեծամասնությունն իր խոսքը կասի ընտրությունների ժամանակ:

Այս ամենն այսբերգի միայն վերին մասն է, որ տեսանելի է առանց այդ հասարակության մեջ փաստացի ապրելու, բայց վստահ եմ` ամերիկաբնակ ընկերներս առավել խոր պատկերացումներ կձևակերպեն գործընթացների վերաբերյալ:

 

Հնարավոր լուծումներ

Նոյեմբերի 3-ին այս ամենը կա՛մ կդադարի, կա՛մ ավելի կխորանա»։

Քաղաքականություն

Պատահարներ