Ալավերդի քաղաքի 2 բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ ավազակային հարձակում կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են օգոստոս ամսին Ալավերդի քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման երկու դեպքերի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել երկու երիտասարդի, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ գումարային պարտքերը մարելու նպատակով, Ալավերդի քաղաքի 21-ամյա բնակիչը նույն քաղաքի Թումանյան փողոցում գտնվող խանութի ոսկյա զարդերը ավազակության եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ 22-ամյա համաքաղաքացու հետ, ձեռք են բերել հանցագործության կատարման միջոցներ, կատարել դերաբաշխում և 2020թ. օգոստոսի 1-ին` ժամը 08:00-ի սահմաններում, վերջինիս վարած «Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են նշված խանութի տարածք, դարանակալել են խանութի հարևանությամբ գտնվող աստիճանների տակ՝ սպասելով վաճառողուհու գալուն:
Ժամը 09:00-ի սահմաններում, երբ վերջինս, աշխատանքի գալով, բացել է խանութի դուռն ու անջատել ազդանշանային համակարգը, երիտասարդները ապօրինի մուտք են գործել ոսկյա զարդերի խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կապել նրա բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ վերջինիս կյանքի համար վտանգավոր սպառնալիքներով պահանջել և վերցրել են չհրկիզվող պահարանի բանալիները:
Չկարողանալով բացել նշված պահարանի բոլոր դռների փականները՝ սպառնալիքն իրական թվացնելու և դիմադրությունը կոտրելու նպատակով, 22-ամյա երիտասարդը մեկ անգամ կրակել է խանութի հատակին, որից հետո կրկին փորձել են բացել փականները և չկարողանալով հափշտակել այնտեղ գտնվող առանձնապես խոշոր չափերով` շուրջ 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերը՝ դիմել են փախուստի:
Բացի այդ, ցանկացած գնով ոսկյա զարդեր հափշտակելու մոլուցքից ելնելով, վերջիններս որոշել են ավազակության եղանակով հափշտակել 22-ամյա երիտասարդի ծանոթին պատկանող, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ փողոցում գործող խանութի ոսկյա զարդերը: 2020թ. օգոստոսի 10-ին՝ 11:40-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի վերոնշյալ բնակիչներն ապօրինի մուտք են գործել նշված խանութ, որտեղ 22-ամյա երիտասարդը հարձակվել է խանութի սեփականատիրոջ վրա, ձեռքերով փակել նրա բերանն ու աչքերը, որից հետո վերջինիս նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով ամուր սեղմել է նրա պարանոցը՝ առաջացնելով շնչահեղձություն: Այդ ընթացքում 21-ամյա երիտասարդը խանութի ցուցափեղկերից վերցրել է առանձնապես խոշոր չափերով` շուրջ 21.808.900 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր, և երկուսով դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21 և 22-ամյա երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...