Այս գիշեր գյուղացիները պոստ են դրել Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի քանդվող կամրջին՝ սպառնալով փակել ճանապարհը
Արմավիրի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, կեսգիշերն անց, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել։
SHAMSHYAN.com-ը հաղորդում է, որ մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, սպառնում էին փակել Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Ջրարբի գյուղի հատվածը, քանի որ այն ամբողջովին վտանգավոր է դարձել կամրջի վրա առաջացած հսկայական փոսի պատճառով։
Բնակիչներն իրենց ավտոմեքենաները կայանել էին կամրջի տարբեր հատվածներում՝ այն օգտագործելով որպես պաշտպանիչ վահան։
Գյուղացիները պահանջել են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաները կամ Ճանշինի պատասխանատուներն ու պատասխան տան, թե, ի վերջո, երբ է դարն ապրած, իրենց կողմից կոչված «Ավազե մահաբեր կամուրջը» հիմնանորոգվելու. «Ամեն անգամ խոստանում են, թե խնդիրը կլուծվի, բայց բոլորի խոսքերը հօդս են ցնդում։ Հույսներս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վրա էր, էն էլ մեկնեց արձակուրդ։ Մնում ա, սպասենք, թե պատասխանատուները երբ կբարեհաճեն ու իրենց տեղներից վեր կկենան ու խնդիրը կլուծեն։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը։ 2 գիշեր է, հերթապահություն ենք կատարում, որ խամ մարդիկ չգան ու վթարի չենթարկվեն։ Երևի էդ պատասխանատուները սպասում են, որ հերթական վթարը լինի, այդ թվում՝ ողբերգական, ու գան, տեսնեն, որ իրենց ապաշնորհ աշխատանքի հետևանքով մահը խորհրդանշող պսակներ են դրվել կամրջի երկայնքով»։
Կայքը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել Ճանշինի պատասխանատու, ասել, թե ինքը տեղեկություններ չի ունեցել, որ կամուրջն այդ վիճակին է, խոստացել, որ կիրականացնեն անհրաժեշտ աշխատանքներ՝ այն հիմնանորոգելու ուղղությամբ։
Դեպքի վայրում է եղել նաեւ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, որի հորդորով քաղաքացիները բացել են ճանապարհը։
SHAMSHYAN.com-ը հաղորդում է, որ ավելի վաղ խնդրի առնչությամբ իրենց Արմավիրի մարզպետարանից պարզաբանել են, որ Վարդանաշեն և Ջրարբի համայնքների կամուրջները գտնվում են Մ-3 «Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ճանապարհի վրա: Վարդանաշենի կամուրջը 2012թ. մասնակի վերանորոգվել է: ՀՀ Արմավիրի մարզպետի միջնորդությամբ ճանապարհի (կմ1+000-կմ9+000) 9կմ հատվածը, որտեղ գտնվում են նշված կամուրջները, ընդգրկվել է 2020թ. ճանապարհների հիմնանորոգման ծրագրում և գտնվում է նախագծման փուլում»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...