Ցույց Կուլիկամում՝ սպանության և անկարգությունների գործով հարցաքննությունների դեմ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, Կուլիկամ գյուղում երիտասարդներին հարցաքննության կանչելու ծանուցագիր է բաժանվել՝ Ախալքալաքում տեղի ունեցած սպանության և դրան հաջորդած անկարգությունների գործով, որոնք տեղի էին ունեցել օգոստոսի 8-ին: Կուլիկամի բնակիչները հավաքվել են գյուղի կենտրոնում և պահանջում են, որ իրենց հանգիստ թողնեն իրենց սգի ու վշտի հետ, և, որ իրենք պատրաստ են ամբողջ գյուղով հարցաքննության գնալ: Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն։
Առավոտյան տեղի ոստիկանության աշխատակիցները գնացել են Կուլիկամ, ինչպես բնակիչներն են ասում, այնտեղ անգամ եղել է Ախալքալաքի ոստիկանապետը: Ոստիկաններն Ախալցիխեում հարցաքննության կանչելու ծանուցագիր են բաժանել, ըստ բնակիչների՝ 15-ից 40 երիտասարդի: Կուլիկամի բնակիչները, սպանված Վարդ Միրանյանի հոր գլխավորությամբ, հավաքվել են գյուղի կենտրոնում և պահանջում են հանգիստ թողնել գյուղի երիտասարդությանը:
«Իմ պահանջն այն է, որ տղաներին չտանեն: Իմ որդին մահացել է, եթե մեկ ուրիշի որդին էլ այս գործի ընթացքում տուժի, ապա իմ կյանքն այլևս իմաստ չի ունենա: Ես կհամարեմ, որ ոչինչ տեղի չի ունեցել, կհամարեմ, որ ես զոհաբերեցի որդուս: Մենք չենք պատրաստվում վրեժ լուծել կամ թշնամանք ցուցաբերել: Մենք հավաքվել ենք, որպեսզի որդուս մահվան պատճառով գյուղի երիտասարդ տղաներին չհարցաքննեն և ոչինչ չձեռնարկեն, նրանց հանգիստ թողնեն: Ես նաև ոստիկաններին եմ ասել, որ եթե ինչ-որ տղայի տանեն Ախալցիխե և բանտարկեն, ապա ես ինձ քաղաքի կենտրոնում կվառեմ», – ասում է Արսեն Միրանյանը:
Կուլիկամի բնակիչները՝ կանայք և տղամարդիկ, ոստիկանությանը հայտնել են, որ իրենք թույլ չեն տա երիտասարդներին տանել հարցաքննության, որ նրանք պատրաստ են գնալ ամբողջ գյուղով: Եվ ասում են՝ թող ավտոբուսներ բերեն և բոլորին տանեն:
Ոստիկաններն ասել են, որ պետք է խոսեն վերադասի հետ, և հետո պատասխան տան գյուղացիներին: Մասնակիցները սպասում են ոստիկանների պատասխանին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթև վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Միրանյանը, որից հետո Ախալքալաքում սկսվել են անկարգություններ: Կուլիկամցիներն այրել են կրակողի՝ Ա. Գաբրիելյանի սեփական տունը, հայրական տունն ու հյուրանոցը, ինչպես նաև կռվի մասնակիցներից՝ Կարեն Քոսյանի ու Գենա Զարմարյանի տները: Տեղում մոբիլիզացվել էին հատուկ նշանակության ջոկատներ և ոստիկանության ստորաբաժանումներ:
Սպանության գործով կալանավորվել է Արթուր Գաբրիելյանը, սպանության և զանգվածային անկարգությունների գործով հետաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ հոդվածներ
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...