Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում. Նախագահ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հրավիրել է լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն։
Նախագահ Հարությունյանը նշել է, որ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի գլխավորությամբ։
Նախագահը հիշեցրել է, որ արդեն երեկ Բեյրութի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել «Արցախի ժողովրդից՝ Լիբանանին» հատուկ չվերթով մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը, և ընդգծել, որ Արցախի ժողովրդի աջակցությունը կկրի շարունակական բնույթ։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Լիբանանի հայկական գաղթօջախին կտրամադրվի նաև ուղիղ ֆինանսական աջակցություն և կոչ արել բոլոր արցախցիներին ակտիվ մասնակցել առաջիկայում կազմակերպվելիք դրամահավաքին։ Նախագահը հայտարարել է, որ թեպետ օրեր առաջ խոստացել էր նախագահի աշխատավարձը փոխանցել բարեգործական հիմնադրամներին, այս անգամ այն կուղղվի Լիբանանում ապրող հայերին՝ որպես աջակցություն։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև կառավարության պահուստային ֆոնդից:
Հանրապետության նախագահը նշել է, որ, չնայած Հանրապետության բնակարանային ֆոնդի սահմանափակ հնարավորություններին, կձեռնարկվեն բոլոր միջոցներն Արցախում բնակություն հաստատելու ցանկություն հայտնող բոլոր լիբանանահայերի համար ապրելու և արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ «Հայտարարում եմ, որ ազատ բնակֆոնդի բացակայության պայմաններում անգամ պատրաստ ենք լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին ընդունելու և մեր օջախներում նրանց համար կեցության պայմաններ ապահովելու»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...