
Վիճաբանություն-ծեծկռտուք Էջմիածնում. բերման ենթարկվածների մեջ է Ամբերդի գյուղապետը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ, օգոստոսի 7-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել Ամբերդ գյուղի բնակիչներ 58-ամյա Մանվել Բաբայանի, 23-ամյա Մայիս Բաբայանի, 40-ամյա Վաչագան Մինասյանի, 39-ամյա Սարգիս Ճուղուրյանի և 23-ամյա Գևորգ Սեդրակյանի, 22-ամյա Արամ Սեդրակյանի միջև, որի ժամանակ փոխադարձ հնչել են հայհոյանքներ և հարվածներ:
Նույն օրը, Ս. Ճուղուրյանը և Մանվել Բաբայանը Ամբերդ գյուղից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:
Վաղարշապատի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վ. Մինասյանին և Մայիս Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկաններն ունեն տեղեկություններ, որ ծեծկռտուքի ժամանակ օգտագործվել են փայտեր և ինչ-որ գործիքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիճաբանության մասնակիցներից Մանվել Բաբայանը Ամբերդ համայնքի ղեկավարն է, իսկ Մայիս Բաբայանը՝ նրա տղան: