Դատարանը մերժել է դուստրերի կողմից սպանված Խաչատրյանի ազգականների հայցը նրա նախկին կնոջ դեմ

Մոսկվայի Սոլնցեւսկի դատարանը մերժել է դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի ազգականների քաղաքացիական հայցը նրա նախկին կնոջ՝ Աուրելիա Դունդուկի դեմ, պատվի եւ արժանապատվության պաշտպանության մասին՝ 1 մլն ռուբլի փոխհատուցման պահանջով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կնոջ փաստաբան Վալենտինա Ֆրոլովան:

«Դատարանը հրաժարվել է բավարարել պահանջները՝ ուղղված իր փորձի, վերապրած բռնության մասին պատմելու կնոջ իրավունքների սահմանափակմանը: Անչափ ուրախացնող է այն, որ մինչեւ հիմա դատարանները ցանկացած հայց՝ ուղղված կնոջը լռել ստիպելուն կամ իր ասածից հրաժարվելուն, չեն ընդունում»,- ասել է փաստաբանը:

Քաղաքացիական հայցը ներկայացվել էր գրեթե մեկ տարի առաջ: Խաչատրյանի ազգականները պահանջում էին 1 մլն ռուբլու չափով բարոյական վնասի փոխհատուցում:

Հայցի հայտարարությունից հետեւում է, որ Աուրելիան Առաջին ալիքով «Իրականում» ծրագրի եթերում հրապարակայնորեն հայտարարել է այն մասին, որ Միխայիլ Խաչատրյանը 1996 թվականից իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կիրառել, ինչի հետեւանքով հղիացել է եւ ծնել որդուն՝ Սերգեյին: Այնուհետեւ պարզվել է, որ Սերգեյ Խաչատրյանը Միխայիլի որդին չէ: Հետեւաբար հեռուստատեսությամբ նրա հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում եւ բարոյական վնաս է պատճառում ազգականներին եւ ընտանիքի հեղինակությանը, հետեւում է հայցից, որի պատճենը ՏԱՍՍ-ի տրամադրության տակ է:

Միխայիլ Խաչատրյանը սպանվել էր 2018 թվականի հուլիսի 27-ին: Երեք դուստրերը հորը բազմաթիվ հարվածներ էին հասցրել դանակով եւ մուրճով: Քննությամբ պարզվել է, որ հանցագործության պատճառը անձնական անբարյացակամությունն էր, որը պայմանավորված էր երկար ժամանակ պատճառված ֆիզիկական եւ հոգեկան տառապանքներով: Աղջիկների գործողությունները քննությունը որակել է որպես նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն: Ընդ որում՝ հիմնական գործից առանձնացված են կրտսեր քրոջ վերաբերյալ նյութերը, քանի որ փորձագետների կողմից նա իրեն մեղսագրվող հանցագործության պահին անմեղսունակ է ճանաչվել: ՔԿ-ն պնդում է, որ նրա նկատմամբ պետք է կիրառել բժշկական բնույթի միջոցներ, քանի որ նա հարկադիր բուժման կարիք ունի: Մոսկվայի Բուտիրյան դատարանը երեքշաբթի նրա դեմ գործով մինչդատական նախապատրաստություն է կատարելու:

Պատահարներ