«Եթե ուզում եք, որ ձեր երեխաները մանկուրտ չդառնան, կռիվ տվեք». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Պերսոնա նոն գրատա» հայտարարված գրականությունն ու քոչվորիզմը

Հանդարտ հետևում եմ դպրոցներում հայ գրականությունը կռտելու իդեայի շուրջ ծավալված դիսկուրսին։ Բացի մեկ- երկու տրամաբանված խոսքից, մնացածը էմոցիոնալ հուզաշարժումներ են։
     Էս օրերին ով չալարեց, իր էջում Նարեկացու ողբից մի կտոր ու Շնորհալու տաղերից մի քառյակ դրեց՝ պաթետիկ տեքստի հետ։
     Քուչակի հայրեններից ու Սայաթ-Նովայի տաղերից մի կտոր արտասանելը էս օրերին դարձավ հայրենասիրության տուրքի պես մի բան։
     Իսկ իրականում, ես մշտապես կողմ եմ եղել, որ մեր գրականություն թարմ արյուն ներարկվի ու մեր երեխաները Շնորհալուց, ֆրիկից ու Երզընկացուց բացի իմանան Թոմաս Հարդին, Թեդ Հյուզին ու Փաունդին, իմանան Բուքովսկուն ու Էդգար Պոյին, Քուրթ Վոնեգութին, Ֆոլքներին, Քոհենին ու Ջոյսին։
     Բայց որպեսզի կարողանանք քայլել Ջոյսի 18 ծանր գլուխների միջով, պիտի կուլ տված ու մարսած լինենք մի ողջ համաշխարհային գրականություն։
     Այլապես, Ջոյսի լաբիրինթներում կկորենք։
     Ու որպեսզի չկորենք Հրանտ Մաթևոսյանի բառի մեջ, պիտի մինչ այդ կուլ տված լինենք Նարեկացուն, Քուչակին, Շնորհալուն ու բոլոր նրանց, ում հիմա ուզում են հայտարարել «պերսոնա նոն գրատա»։
     Այթմատովի մանկուրտը դարձավ բոլոր անհայրենիքների ու գենետիկորեն խեղվածների չափման միավորը։
     Եթե ուզում եք, որ ձեր երեխաները մանկուրտ չդառնան, կռիվ տվեք։
     Ոչ ոք ձեզ համար էդ կռիվը էնպես չի տալու, որքան դուք կարող եք տալ՝ ձեր երեխայի գենետիկ կոդն ու արյան հիշողությունը փրկելու համար։ Չե՞ք ուզում, հարմա՞ր է էսպես։ Գոլ վիճակը ամենաանվնա՞սն է։ Հարց չկա։ Ձեր ընտրությունն է ու ձեր իրավունքը։ Վախենում եք «ֆիդայի ֆեյքերի՞ց»։
     էլի հարց չկա։ Ու էլի ձեր ընտրությունն է։

Հա, մեկ էլ չհասկացա, թե ինչի՞ են որոշել խաչակրաց արշավանք սկսել Արամ Պաչյանի՝ «Թափանցիկ շշեր» պատմվածքի դեմ։ Լավ գործ է ու, այո, ճիշտ է Արամը, երբ գրում է՝ «ես վազում եմ, որովհետեւ չեմ ուզում այսպես լինի»։ Ու ոչ մեկը չի ասել, որ Արամ Պաչյանը Նարեկացու այլընտրանքն է լինելու։ Կեղծ կռիվներ մի՛ ստեղծեք ու կեղծ ռինգեր մի՛ որոնեք։
     Ամեն ինչ շատ ավելի բարդ ու լուրջ է։
     Ով ուզում է, թող շարունակի դոփել տեղում ու սրտակեղեք, բայց գոլ, անպայման գոլ, որովհետև էդպես անվտանգ է ու էդպես ապահով է, կիսաշարժումներ անի։
     Ես մի բան գիտեմ՝ մեզ քոչվոր ու մանկուրտ սարքել հնարավոր չի այն շատ պարզ պատճառով, որ պարզապես հնարավոր չի ու վերջ։

Ու էլի ամենակարևորը՝ ամեն մեկը դա որոշելու է իր համար ու իր կռիվը ինքն է տալու։
     Եթե ուզում է։
     Հա, եթե ուզում է։ Ու վերջ»:

Քաղաքականություն