Հայաստանը մեծապես արժևորում է Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:
«Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ:
Հուլիսի 4-ի խորհուրդը վաղուց հատել է բուն ԱՄՆ սահմանները և դարձել անկախության համար մղվող հաղթական պայքարի խորհրդանիշ։ Հիմնադիր հայրերի կողմից սահմանված պետականաշինության գաղափարները վաղուց ի վեր օրինակ են դարձել ժողովրդավարության ուղին որդեգրած աշխարհի բազմաթիվ երկրների համար:
Երկու տարուց ի վեր Հայաստանի իշխանությունները շարժվում են համապարփակ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ճանապարհով: Այն պետք է հանգեցնի ժողովրդավարության և օրենքի գերակայության վերջնական հաստատմանն ու անշրջելիությանը մեր երկրում: Կոռուպցիայի դեմ պայքարն ու դատաիրավական համակարգի բարեփոխումներն այս առումով առաջնային տեղ են զբաղեցնում մեր այսօրվա օրակարգում:
Մենք երախտապարտ ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ ԱՄՆ ցուցաբերած զորակցության և ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար: Բարձր ենք գնահատում նաև այս օրերին աշխարհը պատուհասած համաճարակի դեմ պայքարի համար Ձեր վարչակազմի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությունը:
Հայաստանը մեծապես արժևորում է Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը՝ մեկ տարի առաջ հաստատված ռազմավարական երկխոսության շրջանակում: Կարևոր ենք համարում ուժերի ներածի չափով մեր շարունակական մասնակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության ապահովման համար ԱՄՆ նախաձեռնություններին։ Բարձր ենք գնահատում ԱՄՆ կառուցողական ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Մենք այս տարի նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյա տարեդարձը: Պատմական այս նշանակալից փաստը, հիրավի, առանձնահատուկ զգացմունքային երանգ և բովանդակություն է հաղորդում մեր գործընկերությանը: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների հետ միասին այն ամուր հենք է ստեղծում մեր երկու երկրների բարեկամության հարատև զարգացման և առաջընթացի համար:
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ ու Ամերիկայի բարեկամ ժողովրդին` մաղթելով խաղաղություն, բարօրություն և շուտափույթ հաղթանակ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում», - ասված է ուղերձում։
Նմանատիպ հոդվածներ
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...