Մենք ուզում ենք կանգնեցնել այս մեծ փոթորիկը. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը խոսել է հանրային համերաշխության վերականգնման անհրաժեշտության մասին։

Այս մասին ասված է «Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջում։

 

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

 

«Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես անորոշության, տարերային փլուզման եւ դժբախտության ժամանակաշրջան: Տիրապետող անիշխանության պայմաններում գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են արձանագրվել խայտառակ ձախողումներ: Բայց կա շատ ավելի կարեւոր հարց, քան գործող իշխանության ձախողումներն ու տապալումներն են:

Քարուքանդ եղած տնտեսությունը հնարավոր է վերականգնել, ավերվող կրթական եւ սոցիալական համակարգերը հնարավոր է անցնցում վերստեղծել:

Կարելի է նույնիսկ վերակառուցել դաշնակից եւ բարեկամ պետությունների հետ փոխհարաբերությունները, որոնք ստվերվել ու փչացվել են իշխանության հետեւողական ապաշնորհության հետեւանքով:

Այսինքն, Փաշինյանի կողմից ավերված ցանկացած ոլորտ հնարավոր է վերականգնել, միայն թե կամքի, կառավարման կարողության եւ ճիշտ մարդկանց առկայությամբ: Բայց այն, ինչի մասին, որ ուզում եմ խոսել, ոչ միայն չափազանց բարդ է վերականգնել, այլ նաեւ դրա քայքայումը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների:

 

Խոսքը հանրային համերաշխության մասին է: Եթե այն ամուր լիներ, ապա մնացյալ խնդիրները (տնտեսական, սոցիալական, պաշտպանական եւ այլն) կանխատեսելի ու լուծելի կլինեին, բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով հանրային համերաշխությունը դատապարտվել է աստիճանական քայքայման եւ կազմաքանդման:

Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի իշխանությունների հետեւողական ջանքերով ներհանրային միջավայրում ներքին խորը կոնֆլիկտ է սանձազերծվում: Դա անտեսանելի մարտահրավեր է, ինչի հետեւանքով հասարակական կառույցը սահուն ընթացքով մաշվում է եւ հյուծվում: Իմ կանխատեսմամբ այս գործընթացի վերջնական հանգրվանը հանրային խմբերի թշնամացումն է եւ մարդկանց շերտավորումը: Այսինքն, ձեւավորվում են իրար դեմ մարտնչող եւ հակամարտող տարատեսակ միջավայրեր, որոնք ինչ-որ մի օր բախվելու են նաեւ ֆիզիկական հարթությունում: Այսինքն «բոլորը կռվում են բոլորի դեմ», եւ հենց այս չընդհատվող «պատերազմն» է փաշինյանական իշխանության «լեգիտիմության» աղբյուրը։ Սա անտեսանելի մարտահրավեր է եւ շատ ավելի վտանգավոր, քան Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված հարեւանները:

Մենք գիտենք, որ Ադրբեջանը թշնամի պետություն է եւ հենց այդ իմացությունից ձեւավորվում է մարտահրավերի կանխատեսելիությունն ու մեր գործողությունների հերթականությունը: Բայց մենք հստակ չգիտենք, թե մեր հասարակության մեջ գտնվող ներքին կոնֆլիկտն ինչ չափերի է հասել եւ ինչ դրսեւորումներ կարող է ունենալ:

 

Պատմական փորձը հուշում է, որ ներքին կոնֆլիկտները պայթում են հատկապես ամենաանսպասելի պահերին, երբ ոչ ոք չի սպասում դրանց: Հանրային համերաշխությունը վերամբարձ եւ գեղեցիկ ինչ-որ բան չէ, այն մեր պետության դիմադրողականության եւ կենսունակության առաջնային ցուցիչն է: Եթե չլինի համերաշխություն, Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է:

Թերեւս հենց սա է մեր առաջնային ուղերձը, որը ես ուզում եմ փոխանցել բոլորին` քաղաքացիներին, ընկերներին, հակառակորդներին եւ իմ համառ քննադատներին: Մենք ուզում ենք կանգնեցնել այս մեծ փոթորիկը եւ համերաշխություն բերել մեր պետությանը: Փոթորիկին պետք է հաջորդի խաղաղությունը, քաոսին` կարգը, իսկ խելահեղությանը` բանականություն»:

Քաղաքականություն