Միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից. ՀՀԿ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.
* վերլուծելով 2018 թվականի ապրիլից Հայաստանում մեկնարկած իշխանազավթման գործընթացի նոր փուլի իրադարձությունները,
* ընդգծելով, որ ժողովրդավարությունն անհնարին է առանց իրավունքի գերակայության սկզբունքի հարգման և պահպանման (ինչպես ժողովուրդն է իր իշխանությունը կաշկանդում Սահմանադրությամբ, այնպես էլ հանրային ցանկացած իշխանություն կաշկանդված է Սահմանադրությամբ),
* արձանագրելով, որ երկրի բարձրագույն օրենքի կոպիտ անտեսումն ու ոտնահարումը ոչ միայն նահանջ են իրավական պետության արժեքներից, այլև անիշխանություն տանող վտանգավոր ճանապարհ,
* վերահաստատելով «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) պնդումն առ այն, որ սահմանադրական դատարանները սահմանադրական կարգի պահապաններ են և սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը կոչված է պատվար լինելու օրվա քաղաքական մեծամասնությունից սահմանադրական դատարանի դատավորների համար,
* անթույլատրելի համարելով, որ ամեն նոր իշխանություն կարողանա փոփոխել գործող դատավորներին,
* արձանագրելով, որ դատավորի պաշտոնավարման ժամկետը, առավել ևս՝ դրա հետադարձ ուժով կրճատումը անմիջականորեն կապված են դատավորի անկախության սկզբունքի հետ և ազդում են դրա վրա,
* պնդելով, որ Սահմանադրական փոփոխությունների առաջարկվող մոդելը ոչ միայն թույլ է տալու մեկ քաղաքական ուժի կողմից Սահմանադրական դատարանի ձևավորում, այլև երկարատև տարիների համար քաղաքականացնելու է Սահմանադրական դատարանը,
* ահազանգելով, որ Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգության հանդուրժումը վտանգում է և իսպառ վտանգելու է ողջ դատական իշխանության անկախությունը,
* հիշեցնելով, որ Սահմանադրական դատարանի 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունների ավտոմատ, անմիջապես և առանց անցումային մեխանիզմների նախատեսման դադարեցումը հակասում է ինչպես Վենետիկի հանձնաժողովի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումներին,
* արձանագրելով, որ Սահմանադրական որևէ փոփոխությունից առաջ Սահմանադրական դատարան դիմելը Ազգային ժողովի սահմանադրական պարտականությունն է (Ժողովրդի անվան վկայակոչմամբ սահմանադրական իմպերատիվ նորմերի դիտավորյալ շրջանցումը և ոտնահարումը Սահմանադրության կոպիտ խախտում է, որը Սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացը դարձնում է ապօրինի և ռումբ է դնում իրավական պետության հիմքում),
* հայտնելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Հանրապետության նախագահին սահմանադրության փոփոխությունների նախագիծը ստորագրելու լիազորությունից զրկելը ոտնձգություն է Հանրապետության նախագահի լիազորությունների նկատմամբ և ուղղված է իշխանության գերկենտրոնացմանը իշխող քաղաքական մեծամասնության ձեռքում (նման հավակնությունը սպառնալիք է ժողովրդավարության և իրավական պետության հիմնարար սկզբունքների նկատմամբ),
Հայտարարում է.
1. Տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացում է, քանի որ Ազգային ժողովի մեծամասնությունը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանում է Սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորություններին։
2. Պետականության հանդեպ այս աղաղակող ոտնձգության քրեական և քաղաքական ողջ պատասխանատվությունն ընկած է անձամբ Նիկոլ Փաշինյանի և ներկայացված փաթեթին կողմ քվեարկած ԱԺ պատգամավորների վրա։
3. Սույն քայլով Հայաստանի իշխանությունները անարգել են նաև երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները և հերթական վնասն են հասցրել Հայաստանի հեղինակությանը։
4. Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների, որոնցից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից»:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...