7 տարվա ազատազրկում. հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատախազի մեղադրական ճառը։

 

Դատավորը հայտարարեց՝ դատաքննությունն ավարտված է, անցնում են դատական վիճաբանությունների փուլ։


Մեղադրական ճառով հանդես եկավ դատախազը։ Նա պահանջեց Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։

 

Մեղադրող դատախազի հայտարարեց, որ կատարված սպանության փորձը հիմնավորված է։ Ապօրինի զենք պահելու վերաբերյալ միջնորդեց դատարանին կիրառել վաղեմություն։

Դատախազը, մասնավորապես, ներկայացրեց մեղադրական ճառը.

«Նախաքննության ընթացքում Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա 2007 թվականի ապրիլի 1-ին, ժամը 16։00-ի սահմաններում իր բնակության վայրի նկուղային հարկում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերված ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն իր ավարտին չի հասցրել իր կյանքից անկախ հանգամանքներում։ Հայկ Սարգսյանի ընտանիքի անդամներն օգտագործելով իրենց կապերը՝ գործը փակել են։ Դրանից հետո շուրջ տասը տարի վատառողջ է Դավիթ Սիմոնյանը, դարձել է հաշմանդամ եւ այդ ընթացքում վախեցել է պատմել ճմարտությունը։ Դավիթ Սիմոնյանը մի քանի անգամ հարցաքննվել է, եւ բոլոր հարցաքննություններին հաստատել է, որ իրեն Հայկ Սարգսյանը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորություն է ունեցել»։

Հաջորդ դատական նիստը, որին կներկայացվի պաշտպանական կողմի խոսքը, նշանակվեց հուլիսի 17-ին, ժամը՝ 16։30-ին։

 

Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

Քաղաքականություն