
Միջադեպից հետո «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանին երկրորդ անգամ են ծեծել. նոր մանրամասներ

Ինձ ծեծելու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում ոչ միայն իմ հասցեին, այլ նաև վարչապես Նիկոլ Փաշինյանի: Եթե սա անձնական կամ կենցաղային վեճ էր, վարչապետին հայհոյելու միտքը որն էր: Ես համոզված եմ, որ այս միջադեպը միտումնավոր է եղել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
Երևան - Աշտարակ ճանապարհին 2 անձ միտումնավոր փորձել են վթարային իրավիճակ ստեղծել, ճանապարհի անթույլատրելի հատվածով շրջանցել են մեր մեքենան, որի ղեկին եղել եմ ես և մեքենան քշել են դեպի մեր կողմ: Ինչից հետո մեքենան փախցրել եմ, որի պատճառով որդիս գլուխը խփել է մեքենայի դռանը: Կանգնելուց հետո այդ մեքենայից երկու հոգի են իջել, որոնցից մեկը եղել է ֆիզիկապես լավ պատրաստված: Իմ հարցին, թե ինչու են իրենց այդպես պահում, նրանցից մեկը ագրեսիվ պատասխաններ է տվել: 60 անց հայրս փորձել է հանգստացնել նրանց, ինչին ի պատասխան՝ բռունցքով հարվածել են հորս աչքին: Սկսվել է հրմշտոց: Անցնող մեքենաներից բազմաթիվ քաղաքացիներ են մոտեցել մեզ, հավանաբար այդ մարդկանց ներկայությունն են նկատի ունեցել, երբ ասել են, թե մենք տասնյակներով ենք եղել: Ինձ զարմացրել է այն հանգամանքը, որ այդ պահին, չգիտեմ թե որտեղից, իրենց ընկերներից մեկը, ով ճանաչում է նաև ինձ, մոտեցել և վերցրել է իմ հեռախոսահամարը: Ինձ համար անհասկանալի է, թե նա որտեղից է հայտնվել այնտեղ: Սրանից ես եզրակացնում եմ, որ այս ամեն ինչը նախապես պլանավորված է եղել:
Միջադեպից հետո Գոռը (խմբ. Հայկ Ստեփանյանին ծեծած երիտասարդներից մեկն է) զանգահարել է ինձ, որպեսզի հանդիպենք և հարթենք միջադեպը: Միայնակ գնացել եմ իր ասած վայրը, մեքենայից իջնելուց հետո մի քանի տասնյակ մարդ մահակներով և երկաթյա ձողերով հարձակվել է ինձ վրա և ծեծել: Մի կերպ մազապուրծ եմ եղել և դիմել ոստիկանություն:
Հայկ Ստեփանյանը հերքեց տարածված այն լուրերը, թե մեքենայում իրենց հետ իշխանական պատգամավոր է եղել, կամ միջնորդել են ինձ համար: «Ես չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեքենայում եղել եմ ես, անչափահաս երեխաներս հղի քույրս, հայրս, իսկ երկրորդ մեքենայում եղել է ընկերս:
Չգիտեմ՝ որտեղից են այդ տեղեկությունները, դեպքից հետո եկել եմ ոստիկանական բաժանմունք, ապա ինձ շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց»: