ԲՀԿ-ն բանակցում է Լուսավոր Հայաստանի հետ երկու հարցով․ Տոնոյանը մանրամասնում է

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցությունն այսօր երկու նախաձեռնությամբ է հանդես գալու։ Խմբակցությունը նախաձեռնելու է կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման և ընդհանրապես աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

 

«Այս երկու նախաձեռնություններով այսօր հանդես ենք գալու։ Քննիչ հանձնաժողովի հետ կապված աշխատանքները և ՍԴ դիմելու վերաբերյալ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Մենք կոչ ենք անում այս գործընթացում մեզ միանալ նաև Լուսավոր Հայաստանի մեր գործընկերներին, որպեսզի մենք ունենանք բավարար չափով ստորագրություններ՝ թե քննիչ հանձնաժողով ստեղծելու, թե ՍԴ դիմելու համար»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Ըստ նրա՝ իրենք պարտավոր են պարզել, թե կորոնավիրուսի դեմ պայքարի, կանխարգելման գործընթացն արդյունավետ եղել է, թե ոչ, արդյոք պարետատան ու կառավարության գործողությունները եղել են իրավաչափ, ժամանակին, թե ոչ։ «Նրանց որոշումների հապաղումից շատ հաճախ կախված է եղել թե վարակի տարածման տեմպերի ահագնացումը և թե մահերի քանակը, ինչի համար նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ հաստատել են իրենց մեղքի բաժինը։ Մասնավորապես, վարչապետն ասաց՝ դժոխքի միջով ենք անցնում, առողջապահության նախարարը ներողություն խնդրեց։ Սակայն այս դեպքում ներողություններով սահմանափակվել հնարավոր չէ, որովհետև մենք գործ ունենք մարդկանց կյանքի ու առողջության հետ»,- ասաց Իվետա Տոնոյանը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ