Քաղաքականություն

Ծառուկյանը պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ հանդիպել է. Ալեն Սիմոնյան

WRed 228 դիտում
Ծառուկյանը պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ հանդիպել է. Ալեն Սիմոնյան

Ինչի՞ց հետ չի կանգնելու Գագիկ Ծառուկյանը, իսկ իրեն ո՞վ է խանգարում պայքարել. Թող քրեական գործը շարունակվի, իսկ եթե քաղաքական առումով ճիշտ է համարում պայքարելը, թող պայքարի: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, թե իր հանդեպ տեղի է ունենում քաղաքական հետապնդում եւ որ ինքը հետ չի կանգնելու իր պայքարից:

Նա նկատեց, որ այս քրեական գործերը հարուցվել են շատ ավելի շուտ, քան Գագիկ Ծառուկյանն իր այգում հայտարարեց, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով հեռանա. «Այդ նույն այգում, որտեղ հանդիպումներ էր ունենում մինչ այդ, հայտարարություններ է արել կապված իշխանության 100 տոկոս փոփոխության վերաբերյալ: Ժամանակագրությունը չի կարելի կեղծել, դրանք փաստեր են: Այն փաստաթուղթը, որ երեկ շրջանառության մեջ է հայտնվել, դա, իմ ունեցած տեղեկություններով, գտնվել է շատ ավելի շուտ եւ մեկ այլ քրեական գործի շրջանակներում է այն ի հայտ եկել, այլ ոչ պարոն Ծառուկյանի հետ կապ ունեցող գործի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

«Ձեզ թվում է, որ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին մենք իմացել ենք իր հայտարարությունից հետո՞: Դուք չարաչար սխալվում եք: Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ եւ պարոն Վանեցյանը նույնպես դա չհերքեց»,-ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե ակնարկում եք, որ Ծառուկյանի հայտարարությունների հետեւում Վանեցյա՞նն է կանգնած, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց. «Ես նման բան չեմ ակնարկում, ես ասում եմ, որ մենք ավելի շուտ գիտեինք, որ իրենք հանդիպում են եւ մեզ պետք չէր, որ Ծառուկյանը հայտարարություն աներ, նոր իմանայինք»:

Նա հավաստիացրեց, որ այդ հանդիպումներն իշխանություններին չեն անհագստացրել. «ՀՀ իշխանությանն անհանգստացնում է եւ մտորումների տեղիք  է տալիս միայն ՀՀ քաղաքացիների հետ շփումը, իսկ թե ով ում հետ որ այգում կհանդիպի, ինչ հին քաղաքական մեռել կբերի քաղաքական դաշտ ու կփորձի վերակենդանացնել,  ինչ կփորձի անել, 4-րդական է: Մեզ համար կարեւորը ՀՀ քաղաքացիների հետ համագործակցությունն է»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից