Քաղաքական այն ուժերը, որոնք կարոտում են նախկին բարքերը և հնարավորությունները, դրանց վերադարձ չկա ու չի լինելու. Ալեն Սիմոնյան

«Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստում  քննարկվեց կորոնավիրուսը Հայաստանում եւ կորոնավիրուսի ազդեցությունը քաղաքական դաշտի վրա: Այս մասին, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

 

«Խմբակցության հերթական նիստ է: Որ ասեմ, կոնկրետ մի հարցի շուրջ ենք հավաքվել, ճիշտ չի լինի, օրակարգում եղել են 3-4 հարցեր: Ընդհանուր քննարկումներ են եղել, իհարկե, քննարկվել նաեւ երեկվա պարոն Ծառուկյանի հայտարարությունը»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ պետք է 100 տոկոսով փոխել կառավարությունը, Ալեն Սիմոնյանը նկատեց. «ՀՀ-ում իշխանություններին փոխում է մեկ սուբյեկտ, դա ՀՀ քաղաքացին է: Ոչ թե գործարար, ոչ թե աշխատատու, ոչ թե մի խումբ մարդիկ, այլ փոխում է ժողովուրդը: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը հիմնված է նախկին հիշողության վրա, երբ ինքը երկար տարիներ համագործակցում էր ՀՀԿ-ի հետ: Նման հայտարարություններով միգուցե  ինչ-որ սակարկումների, խոսակցությունների եւ ինչ-որ բաների սկիզբ էր դնում: Սա այդ դեպքը չի: Մնացածի առումով, մենք շատ շուտով կտեսնենք, թե ինչ կլինի քաղաքական դաշտում, ինչ կլինի համացանցում մնացած լուրերի ու ասեկոսեների հետ կապված»: Դիտարկմանը, թե կարելի՞ է իր ասածից հասկանալ, որ քանի որ Գագիկ Ծառուկյանի մերձավորների նկատմամբ կան քրեական գործեր, նա փորձում է նման խիստ քաղաքական դիրքորոշում որդեգրել, որպեսզի սակարկության մեջ մտնի իշխանությունների հետ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես որեւէ բանի հետ կապված երկակի խոսք չասացի, ես ասացի շատ ուղիղ եւ կարծում եմ՝ թե մեր հեռուստադիտողները, թե թե քաղաքական գործընկերները շատ լավ հասկանում են, թե ես ինչ եմ խոսում: Կարծում եմ՝ այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացն այնքան էլ ճիշտ չի եւ չի մոռացվելու: Մնացածը շատ մոտ ապագայում ամեն ինչ իր տեղը կընկնի»: «Հայաստանում որևէ մեկի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական գործ չի հարուցվել ու չի կարող հարուցվել»,-վստահեցրեց նա:

Սիմոնյանի կարծիքով` համավարակի այս պայմաններում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացն այդքան էլ ճիշտ չէ:

Հարցին, թե բոլոր ուժերը, ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը, պայմանավորված որոշել են գրո՞հ սկսել իշխանության դեմ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես իրենց ցանկանում եմ, որ իրենք բոլորը մի տեղ հավաքվեն, որովհետև այդպես բոլորի համար հստակ կլինի՝ով ով է: Եվ երեկվա հնչած հայտարարությունը, թե մենք պատրաստ ենք բոլորի հետ քննարկումների, իրականում չի համապատասխանում իրականությանը: Տարբեր ինֆորմացիաներից ես տեղյակ եմ, որ հանդիպումներն արդեն տեղի են ունեցել, բայց մեր և ՀՀ քաղաքացիների համար բյուրեղացման պրոցես կգնա և կիմանանանք ով՝ ով է: Բյուրեղացման պրոցեսը հետևյալն է, քաղաքական այն ուժերը, որոնք կարոտում են նախկին բարքերը և հնարավորություններ, որը ունեցել են, թաքցնում են ինչ - ինչ անհամաձայնությունների ներքո, բայց դրան վերադարձ չկա ու չի լինելու»:

 

Քաղաքականություն

Պատահարներ