Հասարակություն

Ցուկերբերգը հրապարակել է արհեստական բանականության զարգացման իր տեսլականը

Ցուկերբերգը հրապարակել է արհեստական բանականության զարգացման իր տեսլականը
Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հրապարակել է արհեստական բանականության զարգացման վերաբերյալ մանիֆեստ, որում վտանգավոր է համարել այն սցենարը, երբ ամենահզոր ԱԲ մոդելներին հասանելիություն կունենա…

Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հրապարակել է արհեստական բանականության զարգացման վերաբերյալ մանիֆեստ, որում վտանգավոր է համարել այն սցենարը, երբ ամենահզոր ԱԲ մոդելներին հասանելիություն կունենա մարդկանց, ընկերությունների կամ պետությունների սահմանափակ շրջանակ։


Ցուկերբերգը հանդես է եկել տեխնոլոգիայի հետագա զարգացման օգտին՝ նշելով, որ ԱԲ-ի շուրջ տարածված շատ մտավախություններ բավարար չափով չեն հաշվի առնում դրա հնարավոր առավելությունները։ Նա ԱԲ-ի զարգացումը համեմատել է նախորդ խոշոր տեխնոլոգիական առաջընթացների հետ՝ ընդգծելով, որ նոր տեխնոլոգիաները հաճախ սկզբում մտահոգություններ են առաջացրել, սակայն արդյունքում նպաստել են կյանքի մակարդակի բարձրացմանը։


Միաժամանակ Meta-ի հիմնադիրը զգուշացրել է նաև ռիսկերի մասին։ Նրա կարծիքով՝ վտանգավոր կլինի, եթե ամենահզոր մոդելները կենտրոնանան սահմանափակ թվով անձանց, ընկերությունների կամ պետությունների ձեռքում։


Ցուկերբերգի գնահատմամբ՝ այդ ռիսկը նվազեցնելու միջոցներից մեկը տեխնոլոգիան հնարավորինս լայնորեն հասանելի դարձնելն է։ Նրա խոսքով՝ դա կարող է մի կողմից ընդլայնել անհատների հնարավորությունները, մյուս կողմից՝ ձևավորել զսպումների և հակակշիռների համակարգ։


Նա նաև նշել է, որ արհեստական բանականության ոլորտում առաջատար դիրքերը պետք է պահպանեն ԱՄՆ-ը և մյուս ժողովրդավարական երկրները։ Ցուկերբերգի կարծիքով՝ ԱՄՆ-ում ոլորտի չափազանց խիստ կարգավորումը կարող է առավելություն տալ այլ պետությունների։


Meta-ի հիմնադիրը զգուշացրել է, որ նույնիսկ ամերիկյան նոր ԱԲ մոդելների թողարկման մեկամսյա ուշացումը կարող է վտանգել երկրի տեխնոլոգիական առաջատարությունը, քանի որ ներկայում մշակողների առավելությունը երբեմն չափվում է ընդամենը մի քանի շաբաթով։


Ավելի վաղ Anthropic ընկերությունը ևս մանիֆեստ էր հրապարակել ԱԲ-ի վերաբերյալ՝ առաջարկելով ստեղծել տեխնոլոգիայի զարգացման տեմպերը դանդաղեցնելու կամ ժամանակավորապես կասեցնելու մեխանիզմ։ Ընկերության գնահատմամբ՝ դա հասարակությանը ժամանակ կտա գնահատելու ԱԲ-ի լայնածավալ հետևանքները։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250