Արարատ Միրզոյանը, Գագիկ Ծառուկյանն ու Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում են ունեցել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում են ունեցել: Հանդիպումը տեղի է ունեցել Գ. Ծառուկյանի առանձնատան այգում: Ըստ մեր տեղեկությունների՝ փորձել են պարզել, թե Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ նոր կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի ճակատագիրն ինչ է լինելու, որի համար մարզպետը խոչընդոտներ է առաջացրել:
Ըստ մեր տեղեկությունների՝ Արարատ Միրզոյանը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, որպեսզի մոտ 20 շենքի շինարարությունը, այնուամենայնիվ, կայանա: Բանն այն է, որ Ծառուկյանը հայտարարել էր բնակելի շենքեր կառուցելու իր մտադրության ու սկսված ծրագրերի մասին, սակայն Կոտայքի մարզպետը արգելանքներ է դրել գործընթացի վրա` խոչընդոտելով ներդրումային այդ ծրագրին:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ ինչ հարց է քննարկվել, ասաց. «Ես պարոն Ծառուկյանի առանձնատան այգում երեւէ չեմ եղել, եւ նման ֆորմատով հանդիպում էլ չի կայացել»: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը եւս մեզ հետ զրույցում այս հարցի մասով հայտարարեց. «Նման հանդիպման մասին տեղեկատվության ես չեմ տիրապետում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում