Արցախում ևս մեկ զորամաս անցել է սննդի ապահովման նոր տարբերակի
Պաշտպանության բանակի զորամասերում շարունակվում է իրականացվել անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:
Հանրապետության հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ևս անձնակազմի սննդի մատուցումը այսուհետ կիրականացնի քաղաքացիական կազմակերպությունը: Մայիսի 23-ին նոր ճաշարանի բացման արարողությանը մասնակցել է նաև ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:
Բանակի հրամանատարը, շնորհավորելով անձնակազմին, համոզմունք է հայտնել, որ նոր ճաշարանի բացումը լրացուցիչ առիթ կհանդիսանա մարտական պատրաստության գործընթացը ստորաբաժանումներում էլ ավելի բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար: Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շրջայց է կատարել նորակառույց ճաշարանում, ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդատեսակներին, շփվել զինծառայողների ու սպասարկող անձնակազմի հետ:
Սննդի սպասարկումն իրականացնող մատակարար ընկերության ներկայացուցիչների խոսքով անձնակազմին սննդով ապահովելու գործընթացը մշտապես իրականացվելու է բարձր մակարդակով: