Մեծ ցավով և խորը ափսոսանքով ընդունեցի Ասո Թավիթյանի մահվան լուրը. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ մեծ ցավով և խորը ափսոսանքով է ընդունել Ասո Թավիթյանի մահվան լուրը։
«Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարի կայացած մեր հանդիպումները։ Նա ոչ միայն մեծ հաջողությունների հասած պրոֆեսիոնալ էր, այլև վառ և լուսավոր անհատականություն։ Նրա կյանքի ուղին բաց դաս է բոլորիս համար։
Նա վստահ էր, որ ամենամեծ արդյունքներին հնարավոր է հասնել այն դեպքում, երբ փող աշխատելը նպատակ չէ ինքնին։ Նա արժևորում էր կրթությունը՝ որպես մարդու մեջ արվող ամենամեծ ներդրում, աշխարհն ավելի լավը դարձնելու կարևորագույն գործիք։
Իր ստեղծած «Թավիթյան» հիմնադրամի միջոցով օգնելով հայազգի շնորհալի երիտասարդներին ստանալու բարձրակարգ կրթություն՝ փոխարենը նա ակնկալում էր միայն մի բան, որ նրանցից յուրաքանչյուրը, ինչ-որ մի օր, երբ կունենա այդ հնարավորությունը, կօգնի մեկ ուրիշին։
Այդպես իրեն էին օգնել, երբ երիտասարդ էր, այդպես նա շարունակում էր բարության շղթան, այդպես այդ շղթան շարունակելու են բոլոր այն մարդիկ, որոնց կյանքում վճռորոշ է եղել նրա օգնությունը։
Նա կապրի, քանի դեռ կենսունակ է իր ստեղծած բարության շղթան։ Նա կապրի, քանի որ կրթության միջոցով նրա ցանած սերմերը ծլարձակելու և բերք են տալու։
Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին, ընկերներին»,- գրել է Աննա Հակոբյանը: