Կոչ ենք անում զերծ մնալ բանկային համակարգի շուրջ անհիմն շահարկումներից. Բանկերի միություն
Հայաստանի Բանկերի միությունը հայտարարություն է տարածել, կոչ անելով զերծ մնալ բանկային համակարգի շուրջ անհիմն շահարկումներից։
Հայտարարությունը՝ ստորև․
«Բանկային ոլորտը, ելնելով իր գործունեության առանձնահատկություններից, հանրության լայն շերտերի համար գործունեություն իրակացնելով, ինչպես նաև երկրի և տնտեսության համար կենսական նշանակություն ունենալով, առավելագույնս կանոնակարգված է և խիստ վերահսկվող: Ավելին, բանկային համակարգը լիովին թափանցիկ է, և համակարգին վերաբերող բնակչությանն անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակային է․ ոլորտի մասնագետները պարբերաբար ներկայացնում են հանրամատչելի տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության տրամադրելով համապատասխան պարզաբանումներ` թվերով ու փաստերով հիմնավորված:
Միևնույն ժամանակ բանկային համակարգը մշտապես եղել է և կլինի անհիմն քննադատությունների և ապատեղեկատվության թիրախ՝ երբեմն պայմանավորված ֆինանսական գրագիտության պակասով, իսկ երբեմն էլ առկա կամ ենթադրյալ խնդիրները ոմանց կողմից պարզապես շահարկվում են բնակչության մի մասի շրջանում այլևայլ նպատակներով «միավորներ» հավաքելու նպատակով:
Ակնհայտ է, որ տնտեսական և ֆինանսական ճգնաժամերի պայմաններում բանկային համակարգը ողջ աշխարհում հայտնվում է ուշադրության կենտրոնում, դառնում ավելի զգայուն, որոշակի առումով էլ՝ խոցելի, իսկ բնակչության մեծամասնության համար համակարգին առնչվող խնդիրները ստանում են առաջնային նշանակություն:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վերջին շրջանում ԶԼՄ-ներում կրկին ակտիվացել են հրապարակումները ֆինանսական համակարգի գործունեության վերաբերյալ։ Երկար տարիների ընթացքում ձեռք բերված դրական արդյունքների վրա փորձում են ստվեր նետել այնպիսի «փորձագետներ», ովքեր ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտի մասնագետ չեն, այլև որոշ դեպքերում չեն տիրապետում անգամ համակարգային տարրական գիտելիքների։ Փոխարենը, օգտվելով լրատվամիջոցների և այլ հարթակների՝ իրենց ընձեռած հնարավորությունից, նրանք հայտնում են իրենց ոչ մասնագիտական կարծիքն այս կամ այն երևույթի վերաբերյալ՝ հանրության մի մասին ապատեղեկացնելով, մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, որոշ դեպքերում սխալ սպասումներ ձևավորելով, նրանց շեղելով առկա խնդիրներին իրական լուծումներ գտնելու ուղիներից։
Ըստ այդմ, կոչ ենք անում առկա իրավիճակում զերծ մնալ անհիմն շահարկումներից, ոչ մասնագիտական գնահատականներ տալուց և «վերլուծություններ» հնչեցնելուց։
Մեր հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս՝ ձեզ հուզող, անհրաժեշտ և որակյալ տեղեկատվությունը ստանալու համար լսեք ոլորտի մասնագետների կարծիքը, հետևեք նրանց խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում դիմեք նաև ձեզ սպասարկող բանկ: Դա է թյուրիմացություններից խուսափելու, ճիշտ որոշում ընդունելու միակ ու նաև շահեկան ուղին:
Հ.Գ. Սույն հայտարարության առիթը, մասնավորապես, ս.թ. ապրիլի 13-ին 5 TV Channel-ով հեռարձակվող «Խառը տնտեսություն» հաղորդման թողարկումն էր, որի հյուրը՝ Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը, հնչեցրեց ոչ մասնագիտական գնահատականներ ֆինանսական կառույցների կողմից գյուղոլորտին առաջարկվող բանկային ծառայությունների վերաբերյալ»։