Արցախում կորոնավիրուսով վարակված երրորդ քաղաքացին տեղափոխվել է Հայաստան

Արցախում կորոնավիրուսի դեպքով հաստատված երրորդ քաղաքացին, ով ՀՀ քաղաքացի է՝ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին  հայտնեցին Արցախ տեղեկատվական շտաբից։

«Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից տեղեկացնում են, որ Քաշաթաղի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով:

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը Միրիկ համայնքին արդեն տրամադրել է 15 օրվա պարենամթերք, իսկ մյուս համայնքներին կհատկացվի առաջիկա օրերին:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը վերոնշյալ համայնքներում իրականացնում է մեքենաների ախտահանման աշխատանքներ, իսկ ԱՆ «Համաճարակաբնության և հիգիենայի կենտրոն»-ը լրացուցիչ ճշտում են վարակակիրների հետ շփման մեջ գտնվող բոլոր խմբերը, ախտահանիչ աշխատանքներ իրականացնում տեղի բնակիչների առանձնատներում, հասարակական օբյեկտներում,ինչպես նաև՝ տրամադրում հիգենիայի պարագաներ:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ թեստավորված երկու քաղաքացիների առողջական վիճակը նորմալ է, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն:

Այս պահին առողջապահական բուժհաստատություններում (Քաշաթաղի բուժմիավորում) մեկուսացված 4 քաղաքացիներ կան՝ կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին՝ առաջին վարակակրի հարսը, նրա երկու երեխաները, ամուսնու հայրը: Նրանց առողջական վիճակը գնահատվում է նորմալ, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն:

Իսկ կորոնավիրուսի դեպքով հաստատված երրորդ քաղաքացին, ով ՀՀ քաղաքացի է՝ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Վերջինս Արցախի որևէ բնակավայրում կանգ չի առել, շփման շրջանակը հիմնականում ՀՀ-ից է, իսկ անցակետում նրա հետ առնչված բուժաշխատողները եղել են պաշտպանիչ պարագաներով: Նրա ինքնամեկուսացումն իրականացվել է բուժաշխատողների կողմից, որոնք եղել են համապատասխան պաշտպանիչ արտահագուստով: Քաղաքացին եղել է առանձին՝ ինքնամեկուսացման համար նախատեսված վայրում և ապահովված եղել անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենայի պարագաներով:

Առողջապահության նախարարությունը ինքնամեկուսացված համայնքներում իրականացնում է շուրջօրյա բուժծառայություն:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»

: