COVID-19. Աշխարհում ապաքինվել է գրեթե 230 հազար մարդ. մահացածների թիվն անցել 59 հազարից. Արմենպրես
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 118 հազար 46-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 59 հազարը: Ապաքինվել է ավելի քան 229 հազար 150 մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 277 հազար 475 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 7 հազար 400-ը: Իտալիայում վարակվածության ընդհանուր ցուցանիշը 119 հազար 827 է, մահացությանը՝ 14 հազար 681-ը:
Իտալիային շատ չնչին տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, այստեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 119 հազար 199: Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 11 հազար 198 մարդ:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով չորրորդ տեղում Գերմանիան է, եվրոպական այդ երկրում 91 հազար 159 հաստատված դեպք կա: Մահերի թիվը կազմում է 1 275:
Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 82 հազար 165 է, մահացությունը՝ 6 հազար 507 է:
Վարակի ծագման երկրում՝ Չինաստանում, հաստատված դեպքերի թիվը կազմում է 81 հազար 639, այստեղ ընդամենը 19 նոր դեպք կա: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 3 հազար 326 մարդ:
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 53 հազար 183 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 294: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 38 հազար 168 է, Թուրքիայում՝ 20 հազար 921, Շվեյցարիայում՝ 19 հազար 606։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 155 դեպք կա, Ռուսաստանում` 4 հազար 149:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։