Ինչու է թանկացել կոճապղպեղը. ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է ուսումնասիրության ընթացիկ արդյունքները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է սուպերմարկետներում կոճապղպեղի գնի շարժը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում մինչև մարտի 25-ը կոճապղպեղի 1 կգ-ի վաճառքի գինը կազմել է 3790 դրամ, մարտի 26-ից 29-ը՝ նշված ապրանքատեսակը վաճառքում առկա չի եղել, մարտի 30-ից մինչև մարտի 31-ը գինը կազմել է 15 000 դրամ:
«Քարֆուր» սուպերմարկետում մինչև մարտի 26-ը կոճապղպեղի վաճառքի գինը կազմել է 1 կգ-ի դիմաց 4590 դրամ, այնուհետև մինչև մարտի 29-ը վաճառքում չի եղել, մարտի 30-ից մինչև մարտի 31-ը գինն արդեն կազմել է 16 990 դրամ: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Նոր Զովք» և «Քարֆուր» սուպերմարկետներում կոճապղպեղի գնի բարձրացումը պայմանավորված է եղել մատակարար կազմակերպության կողմից գնի բարձրացմամբ: Միաժամանակ, ՏՄՊՊՀ-ում հարկ են համարել արձանագրել, որ վերոնշյալ սուպերմարկետների մատակարար ընկերությունը չի հանդիսանում կոճապղպեղ ներմուծող: Հանձնաժողովն ուսումնասիրում է միջնորդ ընկերության՝ մատակարարի ձեռքբերման աղբյուրները, քանակները և գինը:
«Հարկ է նշել նաև, որ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի տրամադրած տեղեկատվության համաձայն, որը կոճապղպեղի ձեռքբերումն իրականացրել է անմիջապես ներմուծողից, մարտ ամսին կոճապղպեղի իրացման առավելագույն գինը 1 կգ-ի դիմաց կազմել է 3500 դրամ: «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել, մարտ ամսվա վերջից այս ապրանքատեսակն այլևս վաճառքում առկա չէ: Կոճապղպեղի գնի բարձրացման ուղղությամբ հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռևս ընթացքի մեջ է, այս պահին դիտարկվում է մատակարարների կողմից իրականացված ձեռքբերումների շղթան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2020 թվականի մարտին կոճապղպեղ ներկրվել է 7 տնտեսվարող սուբյեկտի կողմից 4 երկրներից՝ Նիդերլանդներ, Վրաստան, ՌԴ և ԱՄԷ: 2020 թվականի մարտին կոճապղպեղի ներկրումը կազմել է շուրջ 11 000 կգ, փետրվարին՝ շուրջ 9 000 կգ: