Արցախի ոստիկանությունը՝ Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանության մասին
Խիստ մտահոգիչ են Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքից ստացվող լուրերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Ըստ դրանց և շրջանառվող տեսանյութերի՝ գյուղապետ Պետրոս Ավետիսյանը քվեարկության օրվա ցերեկը շրջում էր գյուղով, որի ընթացքում գոռում էր «տենց մեկը չի ծնվել, որ ինձ դեմ գնա, առավել ևս՝ Արայիկին, տենց մեկը լինի՝ ոտերը կջարդենք»:
Դրանից հետո, գիշերը. մի խումբ անձանց հետ ու ոչ սթափ վիճակում մոտեցել է ընտրական տեղամասին ու կռիվ սարքել, որից հետո փակել է «Միասնական Հայրենիք» կուսակցության վստահված անձի՝ Կովսական գնացող մեքենայի ճանապարհը, հարվածել մեքենային:
Գյուղապետին և այլ մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին և ապա ազատ արձակել: Քրեական գործ դեռ հարուցված չէ, հաղորդումը քննվում «երկու կանանց կողմից գյուղապետի վրա հարձակման» ուղղությամբ:
Նշված տեղեկությունները հաստատվում են չորս տարբեր աղբյուրներից (մեկը իմ հին գործընկերն է), իսկ տեսանյութերը առաջին մեկնաբանությունում են: Առավոտյան այս դեպքով ևս հանցագործության մասին հաղորդում կտանք՝ ԱՀ ՔՕ 147, 147.1 և 269-րդ հոդվածներով:
Հ.Գ. Մարտունու քաղաքապետի կողմից կուսակցություններից մեկի ճանապարհը փակելու գործը եթե նորմալ քննվեր, այս դեպքը կարող է չլիներ: Ոստիկանության անգործությունը խթանում է հանցավորությունը»,- ասված է գրառման մեջ։
Արցախի ոստիկանությունն արձագանքել է․
«Ի պատասխան մամուլում և սոցիալական ցանցերում տարածված «Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանության» վերաբերյալ տեսանյութի տեղեկացնում ենք, որ նշված դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում երեկվանից ստուգումներ են իրականացվում: 2020 թվականի մարտի 31-ին, ժամը 23:00-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հաղորդել է այն մասին, որ Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի շառայողը պարզել է, որ Մուշ գյուղի թիվ 8/46 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է առաջացել Կովսական քաղաքի բնակիչ Ա. Մ.-ի և Մուշ գյուղի բնակիչ Հ. Վ.-ի միջև, որին միջամտել են նույն վայրում գտնվող Մուշ գյուղի բնակիչներ՝ Վ. Խ.-ն, Է. Ս.-ն, Պ. Ա.-ն, որից հետո նույն վայր են ներկայացել Կովսական քաղաքի բնակիչներ՝ Հ. Դ.-ն, Կ. Մ.-ն, Ա. Դ.-ն և Ս. Դ.-ն, որի ժամանակ կողմերը հարվածներ են հասցրել միմիանց և պատճառել մարմնական վնասվածքներ: Նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգրեր»,- ասված է հաղորդագրության մեջ: