Թուրքիայում փորձում են իրենց վերագրել կորանավիրուսի դեմ «հայկական» պատվաստանյութը

Թուրքական «Sozcu» թերթի կայքն անդրադարձել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծած ամերիկյան «Moderna Inc.» ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի կենսագրությանը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, թուրքական լրատվամիջոցը գովերգության երանգով շեշտում է, որ ազգությամբ հայ Աֆեյանի ընտանիքի արմատները ձգվում են մինչև Օսմանյան կայսրություն:

«Աշխարհը պատուհասած կորոնովիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութը սկսել է փորձարկվել մարդկանց վրա: MRNA-1273 անվանումով պատվաստանյութը ստեղծած ամերիկյան «Moderna Inc.» ընկերության հիմնադիրներից Նուբար Աֆեյանն էլ Թուրքիայից սերող ընտանիքի թոռ է»,- գրում է կայքը՝ իր հրապարակումը վերնագրելով «Աշխարհի սպասած կորոնավիրուսի պատվաստանյութի թուրքական դետալը»:

Ապա հրապարակման մեջ ներկայացվում է Աֆեյանի ընտանիքի պատմությունը:

«Ազգությամբ հայ Նուբար Աֆեյանի ընտանիքն Օսմանյան կայսրության վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած 1915-ի դեպքերից հետո տեղափոխվում է Բեյրութ»,- գրում է կայքը՝ ակնհայտորեն խուսափելով Հայոց ցեղասպանություն բառակապակցության կիրառումից:

Նշվում է նաև, որ Աֆեյանի հայրը՝ Պատրիկը, ծնվել է Բուլղարիայում 1929-ին։ Աֆեյանների ընտանիքը զբաղվել է գործարարությամբ՝ Թուրքիայից Բուլղարիա հավկիթների ներմուծմամբ։

Աֆեյանն Ամերիկայի կենսատեխնիկական և կենսաբանական գիտությունների ոլորտի առաջատար ձեռներեցներից է: Ըստ թուրքական աղբյուրի՝ նա վերջին 28 տարում հիմնել է ավելի քան 30 ընկերություն: Ենթադրվում է, որ դրանց ընդհանուր արժեքը 10 մլրդ ԱՄՆ դոլար է։

«ԱՄՆ-ի ճանաչված ուսհաստատություններից Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի կենսաքիմիական ճարտարագիտության ամբիոնում 1987-ին դոկտորականը պաշտպանած Աֆեյանը ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում կոնֆերանսներ է կազմակերպում ձեռներեցության, ինովացիայի, վենչուրային կապիտալի, կենսաքիմիայի, ճարտարագիտության, դեղագիտության, բժշկական տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի թեմաներով»,- եզրափակվում է հոդվածը։

Քաղաքականություն