Այս տարի Հայաստանն ի վերջո կունենա ատելության խոսքի ազգային սահմանում․ ՀՌՀ նախագահ
Որպեսզի ՀՀ–ում լինեն որակյալ հեռուստաընկերություններ, ժամանակն է քննարկել սլոթերի քանակի կրճատման հարցը։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«Նպատակն այն է, որ այն գովազդային դաշտը, որ այսօր կա, բաժանվի ավելի քիչ խաղացողների միջև»,– ասաց նա։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն հաճախականությունների ավելցուկ չունի, որպեսզի կարողանա ստեղծել 2–րդ` մասնավոր մուլտիպլեքսը։ Նրա խոսքով` այս հարցը կարգավորվում է ոչ թե հայաստանյան, այլ միջազգային նորմերով։
«Եղած միակ հանրային մուլտիպլեքսը պետք է արտացոլի ինքնիշխան, հանրօգուտ հարթակի բանաձևը, ինչպես նաև սահմանափակ պետական ռեսուրսի օգտագործմամբ պետության ռազմավարությունը։ Վերջնական արդյունքը, ըստ մեր կարծիքի, պետք է լինի հեռուստածրագրերի լիակատար ապակուսակցականացումը, անաչառությունը, բազմակարծությունը և լրագրողական էթիկայի պահպանումը, բովանդակության որակի ապահովումը, քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքի բավարարումը և այլն»,– ընդգծեց Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ այդ նպատակով է ՀՀ կառավարությունը երեկ ընդունել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու մասին որոշումը։ Հիմնադրամը, աշխատելով ինդուստրիայի հետ, կկարողանա դրամաշնորհների միջոցով խրախուսել հանրօգուտ կոնտենտի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում:
Նրա խոսքով` Բալթյան երկրները, որոնք ունեն Հայաստանի չափ բնակչություն, հանրօգուտ կոնտենտի ստեղծման համար տարեկան ծախսում են 10–15 մլն եվրո։
«Շատ ենք կարևորում ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարը: Հույս ունենք՝ հստակ չափանիշների սահմանմամբ, եվրոպական դիրեկտիվներից ելնելով՝ այս տարի Հայաստանը ի վերջո կունենա ատելության խոսքի ազգային սահմանում, որովհետև մինչև հիմա ստիպված ենք առաջնորդվել միջազգային փաստաթղթերով և պայմանագրերով: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Ունենալով մերը և իմպլեմենտացնելով դա օրենսդրության մեջ՝ մենք ավելի հստակ կարող ենք պայքարել այդ չարիքի դեմ: Բայց այդ պայքարը կլինի արդյունավետ, եթե լինի բոլոր խաղացողների իրավունքների և պարտավորությունների համահարթեցում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։