Այս առումով ես շատ կոնկրետ խնդիր ունեմ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունները՝ համատեղ որոշումների կայացման համար:
Վարչապետ Փաշինյանը, ողջույնի խոսքով հանդես գալով, շնորհակալություն է հայտնել տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող գործարար համայնքի ներկայացուցիչներին, փորձագետներին և ոլորտային պատասխանատուներին աշխատաժողովին մասնակցելու և ակտիվ ներգրավման համար: Իր ելույթում վարչապետը մանրամասն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններին և առկա մարտահրավերներին՝ ընդգծելով գործադիր իշխանության և մասնավոր հատվածի միջև շարունակական, կառուցողական ու արդյունավետ երկխոսության կարևորությունը:
Վարչապետի խոսքով՝ նման լայնամասշտաբ միջոցառումները կարևոր են ընդհանուր պատկերացումներ ձևավորելու համար, թե ինչպես կարող են Կառավարությունն ու մասնավոր հատվածն առավել արդյունավետորեն ծառայել ի նպաստ Հայաստանի Հանրապետության՝ ապահովելով կայուն տնտեսական աճ:
«Տնտեսական զարգացումը և դրանից բխող արդյունքներն են, որ մեզ հնարավորություն պիտի տան կամ պիտի սահմանափակեն մեր հնարավորությունները՝ երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու և լուծելու։ Եվ այս առումով, իհարկե, ես շատ կոնկրետ խնդիր ունեմ այս աշխատաժողովի արդյունքում, կարևոր է նաև հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում և ինչ խնդիրներ կան, որ խնդիրների լուծմանն ենք մոտ և այլն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է նաև աշխատաժողովի արդյունքում առաջիկա տնտեսական անելիքների օրակարգ ձևավորելու կարևորությունը՝ դրա շուրջ համատեղ աշխատելու տրամաբանությամբ: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է պետական շահի սպասարկմանը միտված տնտեսական ընդհանուր ճանապարհային քարտեզի մշակման, ինչպես նաև դրա շուրջ որոշակի համաձայնության և միասնական ընկալման ձևավորման անհրաժեշտությունը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել կրկին քննարկման մասնակցության պատրաստակամության համար և հույս հայտնել, որ հենց այս տրամաբանությամբ տեղի կունենա քննարկումը: Մենք այս քննարկումից դուրս կգանք մեր առաջիկա անելիքների վերաբերյալ շատ ավելի կոնկրետ պատկերացումներով և կհասկանանք, թե Կառավարության ծրագրերը որքանով և ինչպես են ընկալվում գործարար համայնքի կողմից, և, իհարկե, լիցքավորված՝ այդ օրակարգը և ճանապարհային քարտեզը հնարավորինս արդյունավետ իրագործելու տեսակետից», – նշել է երկրի ղեկավարը:
Վարչապետի ելույթին հաջորդել են «Մակրոտնտեսական, ներդրումային և կրթական քաղաքականությունները՝ որպես տնտեսական մրցունակության հենասյուներ», «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» «Կառավարություն-գործարար համայնք երկխոսության հեռանկարները» թեմաների շուրջ պանելային քննարկումներ:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման տնտեսական հնարավորություններին: Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող բարեփոխումների արդյունավետության բարձրացման, Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության կատարելագործման անհրաժեշտության, ինչպես նաև գործադիր իշխանության կողմից ընդունվող որոշումների ներառականության ապահովման կարևորությանը:
Ավարտին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում
ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտաս...
Դա փորձում են անել շատ նողկալի եղանակով. Ալեքսանյան
Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, ընդդիմադիր գործընկերները փորձում են օգտագործել ու շահագործել սեփական նպատակների հ...
Թրամփը Պուտինին վերջնաժամկետ է տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «վերջնաժամկետ» է տվել Ուկրաինայում հրադ...
Սարիկ Մինասյանը հաղորդագրություն է տարածել
Ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ...