ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, հնարավոր է էլի մեկուսացվեն․ Թորոսյան
Այս պահին ունենք նոր կորոնավիրուսի 4 հաստատված դեպք, պացիենտներից երեքը սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Թորոսյանի խոսքով՝ այս պահին նրանցից միայն մեկն ունի գանգատներ՝ աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է ու ստանում է սիմպտոմատիկ բուժում, մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում:
Ինչ վերաբերում է հիվանդների հայտնաբերման միջոցառումներին, Թորոսյանը նշեց, որ վերջին երեք պացիենտները ժամանել են Իտալիայից: «Ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ: Թե´ տնային այցերի, թե´ հեռախոսակապի միջոցով և գանգատների ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են և, փաստորեն, նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ մյուս կանխարգելման միջոցառումներից են այդ պացիենտների հետ կոնտակտի մեջ մտած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը: «Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ մենք ունենք ևս 31 հոգի, ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում, բավական մեծաթիվ մարդիկ էլ այդպես են մեկուսացվել: Հնարավոր է՝ նրանց միջից նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում օրվա ընթացքում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ մնացած միջոցառումները շարունակվում են՝ օդանավակայանում հատուկ քարտերի լրացում և հատուկ հսկողություն այն բոլոր երկրներից, որտեղ որ դեպքերի թիվը շատ է, դրանք եվրոպական մի քանի երկրներ են և Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, ինչպես նաև իրականացվում են միջոցառումներ կանխարգելման ուղղությամբ ամբողջ երկրում:
«Յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարևոր է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար»,- ասաց նա:
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրեց, որ կիրակի օրը տեղի է ունենալու մեկ չարտերային թռիչք Հռոմից դեպի Երևան, որը կազմակերպվում է կառավարության, Արմենիա օդանավակայանի և հայկական ավիափոխադրողի կողմից: Նա նաև նշեց, որ նիստի փակ հատվածում կքննարկեն հետագա քայլերը՝ կոնկրետ հենց այդ թռիչքի հետ կապված: