«2-ին թույնել են, մեկի փորը դանակով բացել»․ դաժան հաշվեհարդար կենդանիների հետ
Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և հաշվեհարդարի դեպքերը շարունակվում են: Այս անգամ ահազանգում են «Քյուպիդ Կացարան»-ի հիմնադիրներ Մուշեղ Չագլասյանն ու Արմինե Հովհաննիսյան:
EcoNews.am-ի հետ զրույցում Մուշեղ Չագլասյանը նշեց. «Փոքր հողատարածքի վրա 6 շուն էինք պահում: Երեկ եկանք, տեսանք երկուսին թույնել են, այսօր էլ մեկի փորը դանակով բացել են ու գնացել: Երեկ էլ եմ դիմել ոստիկանություն, այսօր էլ եմ կանչել: Կենդանուն նույն ձևով թողել, գնացել են: Մեր տարածքը փակ է, պարսպով է, մտել են մեր տարածք և այդ ամենն արել»:
Մեր ճշգրտող հարցին, թե արդյոք շներն ինչ-որ մեկին անհանգստություն պատճառե՞լ են, թե՞՝ ոչ, վերջինս պատասխանեց. «Հարևանները մի քանի անգամ բողոքել են հաչոցներից ու երևի որոշել են սենց բան անել»:
Մեր զրուցակիցը մանրամասնեց նաև, որ լրիվ առողջ շներ են եղել, երեկ եկել, տեսել են մեկը մահացած ընկած է, իսկ մյուսը՝ մահամերձ:
«Տարել ենք կենդանաբուժական կլինիկա, հետազոտել են, իրենք էլ են ասել, որ սա նման է թույնի, սակայն դժվար է ասել, թե կոնկրետ ինչ թույն է: Ամեն տեսակի թույն էլ կարող է լինել, պարզապես մսի մեջ դնեն ու շպրտեն կացարանից ներս»,- ասաց նա:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվության:
Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը
1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է․
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Մեր հարցադրմանը, թե դիմել են արդյոք ՀՀ ոստիկանություն, Մուշեղ Չագլասյանն ընդգծեց. «Ոստիկանությունը զարմանալի պատասխաններ է տալիս: Երեկ եկան, պատմեցի եղելությունը, ասացին՝ «բա մեզ խի՞ եք կանչել», ասում եմ՝ «բա ո՞ւմ պետք ա կանչեի»: Այսօր էլ զանգահարեցի, սպասեցի, սպասեցի, դեռ չէին եկել, կրկին զանգահարեցի, հարցրեցի՝ «ի՞նչ եղաք», ասում են՝ «դե երեկ դիմում գրել եք, ի՞նչ իմաստ ունի գանք հիմա...» հիմա արդեն գալիս են»:
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: