Վերաքննիչ վարչական դատարանի 3 աշխատակիցները տույժի են ենթարկվել․ մեկը հեռացվել է
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի աշխատակազմի գրասենյակի աշխատակիցների կողմից ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարի 26.12.2019 թվականի թիվ 1189-Ա հրամանով նշանակվել էր ծառայողական քննություն:
Արդյունքում, հիմք ընդունելով Դատական դեպարտամենտի ղեկավարի համապատասխան հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը, ծառայողական քննության նյութերը և համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերի, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 29-րդ հոդվածի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի, 2-րդ կետի «ա», «գ» ենթակետերի, 3-րդ և 6-րդ մասերի, 22-րդ հոդվածի 8-րդ մասի, ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի թիվ 814-Ն որոշման և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 23-Լ որոշման 1-ին հավելվածի 1-ին բաժնի 5-րդ կետի, 2-րդ բաժնի 3-րդ կետի, 3-րդ բաժնի 7-9-րդ և 11-րդ կետերի, Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու հիմքով` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի աշխատակազմի գրասենյակի աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի հետևյալ տեսակները՝
1. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի աշխատակազմի գրասենյակի պետ Լիլիթ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
2. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի աշխատակազմի գրասենյակի գլխավոր մասնագետի պարտականությունները ժամկետային աշխատանքային պայմանագրով կատարող Միրա Դանիելյանին հայտարարվել է նկատողություն:
3. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի աշխատակազմի գրասենյակի առաջատար մասնագետ Անահիտ Երվանդյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ ծառայության դադարեցման տեսքով և վերջինս 2020 թվականի փետրվարի 11-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից: