«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու նոր միջնորդությունը բավարարվել է

«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանի փաստաբան Գոռ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կայացրեց հերթական պատվերով որոշումը՝ կալանավորելով Բավրայի մաքսատան հերթափոխի պետին, ում կալանավորելու միջնորդությունը ժամեր առաջ մեկ այլ դատավոր մերժել էր։ Ընդ որում՝ միջնորդությունը նույն հիմքերով էր, նույն հիմնավորումներով, առանց որևէ նոր հանգամանքի։ Զավեշտն այն է, որ իմ ներկայացրած փաստարկները որևէ կերպ հերքել չկարողանալով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշման մեջ ուղղակի նշել է, թե դատարանն այդ հարցին չի անդրադառնում։ Հակառակ դեպքում, ուղղակի չէր կարող չարձանագրել, որ քննիչն այդ միջնորդությունը իրավունք չուներ ներկայացնելու։ Հ․Գ․ Հիմա սպասում եմ, որ իրենց դատավարական օրենսգրքով ղեկավարվելով՝ վարույթն իրականացնող մարմինը մի հատ էլ միջնորդություն ներկայացնի, «նավսյակի», որ եթե վերաքննիչ դատարանը հանկարծ կալանավորումը վերացնի /իսկ հակառակի շանսեր ուղղակի չի ունենալու, մի հատ ևս կալանավորման որոշում ունենան»,- նշել է փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու միջնորդությունը մերժվել էր: