Տվել են կոշիկի տուփ, ասում են՝ այստեղ քո երեխան է կտրատված․ քաղաքացին ահազանգում է․ Aravot.am

2017 թվականի ապրիլի երկուսին Սպիտակի բնակիչ Նաիրա Այվազյանը կեսարյան հատումով տղա երեխա է ունեցել հանրապետական ծննդատանը, հայտնում է Aravot.am-ը։ 

 

Լրատվականը նշում է, որ չնայած նրա խոսքով, երեխան անհասիկ է ծնվել, բայց բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատել են բավարար. «Ասացին՝ մամա մի անհանգստացի, ձեր բալիկը շատ լավ է, առողջ է, ծնվելու հաջորդ օրը գնացի բալիկիս տեսնելու, չեն թողել տեսակցել, ասացին՝ բժիշկները առավոտյան ժողովի են: Երրորդ օրը մանկաբույժը զանգահարեց ինձ, հետաքրքրվեց՝ ով է ինձ տեսակցելու գալու, ասացի՝ տեքորս կինը, նրա հեռախոսահամարը: Վերցրին: Զանգահարել են նրան, ասել՝ ձեր երեխան մահացավ, ծննդատանն էլ 5 մետր հեռավորությունից ցույց են տվել երեխայիս ակվարիումի մեջ, ու էլ ոչ մի բան: Մենք միշտ էլ կասկածել ենք, որ խաբված ենք»: 

 

Նաիրա Այվազյանը լրատվականին պատմել է՝ իր կասկածների հիմքերի մասին: Ըստ նրա՝ ծննդատանը իր հետ միեւնույն սենյակում Արտաշատից մի ծննդկան կար, նրա պտուղը մահացած էր ծնվել, նույն սենյակից մեկ այլ ծննդկան առողջ երեխա էր ունեցել. «Նրա երեխային վաճառել են, իմ երեխային տվել են իրեն, որովհետեւ այդ մայրիկին դուրս էին գրել, բայց մի ամսի չափ երեխային պահել են վերակենդանացման բաժանմունքում, բայց ինքը նորմալ ծննդաբերել էր, ինչու էին երեխային մեկ ամիս պահում, իսկ մյուս ծննդկանի մահացած երեխային տվել են ինձ: Մենք դեռեւս այն ժամանակ պահանջել ենք ԴՆԹ, հանցագործության մասին հաղորդում տվել, բայց 6 ամիս անց գործը կարճվեց, ինձ մի հատ կոշիկի տուփ են տվել, պատկերացնում եք՝ մամային տալիս են կոշիկի տուփ, ասում են՝ այստեղ քո երեխան է կտրատված, չես կարող տեսնել նրան, մենք իրենից փորձանմուշներ ենք վերցրել. ես այդ տուփը բերել եմ, հուղարկավորել: Ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն էլ, չգիտես ինչու, գնացել, հասել է դատաբժշկական, ասել է՝ մենք լուրջ ֆինանսական խնդիրներ ունենք, չենք կարող գնալ դիակը վերցնել, զանգեն մեզ ասեն՝ համաձա՞յն ենք տանեն դիակը անտերների գերեզմանոցում թաղեն: Ես հիմա ԴՆԹ եմ պահանջում, թող գան, փոսը քանդեն, այդ կոշիկի տուփը հանեն, մեջը ինչ դրել են, հանեն ԴՆԹ անեն: Ես ուղղություն ունեմ, որտեղ է իմ երեխան, թե հետո այդ ծնողի երեխային ոնց պետք է տան իրեն, դա արդեն իրենք գիտեն: Ես ունեմ իրենց facebook-ը, ամեն օր հետեւում եմ այդ երեխայի նկարներին, ես համեմատում եմ ու նմանեցնում մեզ»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 
 

Քաղաքականություն

Պատահարներ