Բանտապահները դատապարտյալների հետ մարիխուանա են ծխել, տակի մնացածն էլ հետները տարել են

Քրեակատարողական 2 հիմնարկներում կատարված օպերատիվ միջոցառումների արդյունքում ԱԱԾ–ն հայտնաբերել է 2 աշխատակից, որոնք իրենց հետ ՔԿՀ են բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ։

 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմել է ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։

«Արմավիրում բռնվել է պահպանության բաժնի աշխատակիցը, որն իր հետ ներս է բերել «լիրիկա» տեսակի թմրամիջոցներ` դեղահաբերի տեսքով։ Հայտնաբերվել է «Սուբուտեքսի» փշրանք` շուրջ 4 գրամ քաշով, մեծ քանակությամբ մարիխուանա` մոտ 300 գրամ, Նուբարաշենում անվտանգության աշխատակիցն է ներս է բերել»,– ասաց Գոյունյանը։

 

Ընդ որում, ՔԿԾ պետի խոսքով, նշված աշխատակիցների մասին տեղեկություններն ԱԱԾ–ին են փոխանցել հենց իրենք։

Բայց սա դեռ ամենը չէ։ «Սևան» ՔԿՀ–ում էլ այսօր գիշերը փորձ են արել դրսից թմրանյութ նետել ՔԿՀ տարածք։

 

«Փորձը չի հաջողվել։ Էլի մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել, ընթանում է զննություն»,– ասաց Գոյունյանը։

 

Իսկ մեկ ամիս առաջ «Արմավիր» ՔԿՀ–ում կատարված նմանօրինակ մի դեպքի մասին ՔԿԾ պետն արդեն որոշ մանրամասներ հայտնեց։ Նրա խոսքով` այդ պատմության մեջ զավեշտալին ու միաժամանակ ամոթալին այն է, որ դատապարտյալը տեղափոխվել է հիվանդանոց` բուժօգնություն ստանալու պատրվակով և այդ ընթացքում իրեն ուղեկցողների բջջային հեռախոսներով կապվել իր հանցակից ընկերների հետ։ Նրանք էլ հիվանդանոց են բերել մարուխուանան։

 

«Մի մասը տեղում ծխել էին` ՔԿՀ ծառայողների հետ, ինչ էլ տակը մնացել էր, հետը վերցրել, բերել էր ՔԿՀ։ Մեր բարեխիղճ աշխատողները բռնել էին, տեղում մերկացրել մեր աշխատակիցներին»,– ասաց նա։

Քրեական գործն այս դեպքով հարուցվել է հենց ՔԿԾ կողմից, որից հետո այն ուղարկվել է դատախազություն, այնտեղից էլ ՀՔԾ։ Նախաքննությունը շարունակվում է։


 

Քաղաքականություն