«168 ժամ». ՊՊԳՎ-ում մասշտաբային կրճատումներ են. ընկերությունները ոստիկանության հետ պայմանագրերը չեն երկարաձգում

«168 ժամը» գրում է.

 

Վերջերս սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանառվում, որ նոյեմբերի 28-ին լրանում է թվով 7000 օբյեկտների պահպանության վերաբերյալ ոստիկանության հետ կնքված պայմանագրերի ժամկետը, որը չի երկարաձգվելու: Սա նշանակում է՝ բազմաթիվ ոստիկաններ կարող են ազատվել աշխատանքից և անաշխատանք մնալ։  Իսկ այս օբյեկտների պահպանությունը, ըստ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների, վստահվելու է մասնավոր որոշ ընկերությունների, որոնց հետ կապվում էր նաև հայտնի գործարարներից մեկի անունը։ Ոստիկանությունը վստահեցրել էր, որ «համացանցում տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում»: 

 

Այնուհետ տեղեկացրել էր, որ պետական պահպանության գլխավոր վարչությունում կառուցվածքային փոփոխությունների հարց է քննարկվում: Այսինքն՝ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում։

 

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, եթե ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում առանձին հաստիքների կրճատման հետևանքով լինեն ազատված աշխատակիցներ, ապա վերջիններիս, առաջնահերթության կարգով, կառաջարկվի համալրել ՀՀ ոստիկանությունում առկա թափուր աշխատատեղերը: Այն անձինք, ովքեր չեն ցանկանա նշանակվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոններում, մասնավոր պահնորդական ընկերություններում աշխատանքի ընդունվելու հնարավորություն նույնպես կունենան»,- ասված էր Ոստիկանության պատասխանի մեջ:

 

Եվ ահա, օրերս պարզ դարձավ, որ լուծարվում է Պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) ռազմականացված ջոկատը, որի աշխատակիցները ոստիկաններ են: «168 Ժամի» աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական պահպանության գլխավոր վարչությունում հիմա մասշտաբային կրճատում է տեղի ունենում, և մինչև դեկտեմբերի 16-ը պետք է կրճատվեր մոտ 800 աշխատակից: 

 

«Հիմա, որպեսզի մարդկանց աշխատանքից չազատեն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով, որն է՝ աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ, մարդկանց պարտադրել են դիմումներ գրել և նշել, որ այլ աշխատանքի են անցնում: Ապօրինությունն այն է, որ վերոնշյալ հոդվածով արձակման նպաստ չեն տալու: Բոլորի դիմումները գրված են, անձնական գործերը պատրաստ են, մնում է այդ օրը կնիքներն ընդամենը խփեն: Այնպես չէ, որ ծառայությունը վերացնելն ապօրինի է, հարցը մարդկանց ապօրինի կերպով աշխատանքից ազատելու մեջ է: Մի մեծ աշխատավարձ էլ չեն ստանում. մարդ կա՝ 60.000 դրամ, մարդ կա՝ 80.000 դրամ է ստանում: Արձակման նպաստն էլ դրան մոտ մի թիվ է լինելու, մեծ չէ: Այլ աշխատանք չի առաջարկվել, անգործ են մնալու»,- նշել է թեթրի աղբյուրը:

 

ՊՊԳՎ ռազմականացված ջոկատը ֆինանսավորվում է արտաբյուջետային միջոցներով: Կառավարությունն իր 2018 թվականի նոյեմբերի 19-ի արտահերթ նիստում քննարկման էր դրել արտաբյուջեներից հրաժարվելու հարցը: ՀՀ Ոստիկանության 2015թ. տվյալներով՝ ՀՀ-ում պահնորդական գործունեություն են իրականացնում թվով 28 կազմակերպություններ, որոնցից մի քանիսը կոնկրետ գործարարների են պատկանում։ Այժմ իշխանությունները մտադիր են այդ կազմակերպություններից մեկ-երկուսին արտոնություններ տալ: Ավելին, նման ծառայություն բացելու մտադրություն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի անդամ Ղազար Ղազարյանը (նա, ով հեղափոխության օրերին բռնում էր Փաշինյանի ուսապարկը)։ 

 

Թերթի աղբյուրները նշում են, որ Ղ. Ղազարյանի և գործարարներից մեկին պատկանող կազմակերպություններ են տեղափոխվելու գործազուրկ դարձած ոստիկաների մի մասը։ Թվով 7000 օբյեկտների պահպանության պայմանագրերն այսուհետ կկնքվեն ոչ թե ոստիկանության, այլ այդ անձանց պահնորդական ծառայությունների հետ: 

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ