Քոչարյանը դեռ հիվանդանոցում է. նա արգելել է հայտնել իր առողջական վիճակի մասին տեղեկություն

Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է գտնվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այսօր ստացվելու է նրա հետազոտության պատասխանը, որից է կախված՝ Քոչարյանն այսօ՞ր դուրս կգրվի, թե՞  վաղը: Այդ մասին Հայկական Ժամանակի հետ զրույցում հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:

 

«Էսօրվա անալիզից է կախված: Եթե ամեն ինչ լրիվ մաքուր եղավ՝ էսօր կգնա, եթե մի փոքրիկ կասկած էլ եղավ՝ մեկ օր էլ կշարունակի բուժումը: Ավելի լավ է՝ մի օր ավել մնա այստեղ, քան թե գնա, հետո էլի հետ գալու անհրաժեշտություն լինի»,- ասել է Չարչյանը:

 

Լրատվամիջոցի հարցին՝ Քոչարյանը կրկին վիրահատվե՞լ է, թե՞ պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում՝ Չարչյանը պատասխանել է.

«Քանի որ անձնական տվյալ է, պարոն Քոչարյանը կատեգորիկ արգելել է իր անձնական տվյալները ասել»: Նա հավելել է, որ ամեն դեպքում նախորդ հետազոտությունից հետո նրա վիճակը բարելավվել է:

 

Հիշեցնենք, որ Քոչարյանը հետվիրահատական հետազոտության նպատակով «Իզմիրլյան» ԲԿ է տեղափոխվել դեկտեմբերի 11-ին: «Ես վստահ չեմ, որ նոր վիրահատություն է եղել. պետք է տեղեկանամ։ Ենթադրում եմ, որ եղել է, բայց պետք է լրացուցիչ ճշտեմ։ Լրացուցիչ կտեղեկացնենք, թե ինչ է եղել», - լրագրողների հետ զրույցում ասել էր Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Նրա հետ կապ հաստատել, սակայն, չստացվեց: 

 

Քոչարյանը վիրահատվել էր հոկտեմբերի 9-ին։ Ավելի ուշ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հոր մոտ ուռուցք է հայտնաբերվել, որը վիրահատել են։ Լեւոն Քոչարյանի խոսքով` ուռուցքը բարորակ է եղել: